Մատչելիության հղումներ

Ղարաբաղում դատապարտված երկու ադրբեջանցիները կդիմեն Վճռաբեկ դատարան


Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանցի Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանցի Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Ասկերովն ու Գուլիևը համաձայն չեն իրենց պատժաչափերին՝ համարելով, որ Ղարաբաղի դատարանները շատ խիստ են մոտեցել գործին։

Ապրիլի 9-ին Լեռնային Ղարաբաղում ցմահ դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը կդիմի Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու նախորդ երկու ատյանների որոշումները։ Իսկ բարձրագույն ատյանում էլ պարտվելու դեպքում, ըստ Բեգլարյանի, Ասկերովը նամակով կդիմի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին։

«Ազատության» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Ասկերովը համաձայն չէ իր պատժաչափին և համարում է, որ Ղարաբաղի դատարանները շատ խիստ են մոտեցել գործին։

«Հիմքերը նույն են ոնց որ Վերաքննիչ էինք դիմել՝ խիստ պատիժ, որը չի համապատասխանում իր կատարած գործողությունների հետ։ Դա իր կարծիքն է», - ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ նախագահ Բակո Սահակյանին դիմելու ցանկություն Ասկերովն ունեցել է դեռ առաջին ատյանում ընթացող դատավարության ժամանակ։ Դատապարտյալը, սակայն, դեռևս չի հստակեցրել՝ դիմելու է նախագահին ներմա՞ն, թե՞ կալանքն Ադրբեջանում կրելու խնդրանքով։

«Դա անձամբ իր գործն է, եթե ասի այնպես գրի, որ «պատիժս Ադրբեջանում կրեմ», դե բնական է, դա կդառնա ոնց որ, ասենք, Սաֆարովին բաց թողեցին, էլի, դա կարելի է հավասարեցնել ներման հետ, դրա համար, իմ կարծիքով, ներումն է միանգամից ուզելու, ռիսկ չի անի դրա մասին խոսել», - ասաց Բեգլարյանը։

Մոտ մեկ ամիս առաջ ԼՂ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով, ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեղադրանքով ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման։ Վերջինիս փաստաբան Արկադի Իսրայելյանը նույնպես մինչև ապրիլի 9-ը կդիմի Վճռաբեկ դատարան։ Գուլիևը, սակայն, Բակո Սահակյանին խնդրանքով դիմելու ցանկություն չունի։

Հարցին, թե նա նո՞ւյնպես գտնում է, որ պատիժը խիստ է, Բեգլարյանը պատասխանեց՝ այո՛․ - «Հիմնավորումը նա է, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները ընդհանրապես ու այդ կապակցությամբ դիմել էր Վերաքննիչ, հիմա էլ՝ Վճռաբեկ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG