Մատչելիության հղումներ

Հրապարակվել է օմբուդսմենի տարեկան զեկույցը


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպանը 2014 թվականի զեկույցում առանձնացրել է համակարգային 167 խնդիր, որոնց պատճառով պետական կառույցների կողմից խախտվել են հազարավոր մարդկանց իրավունքները:

Ամենաաղաղակող խախտումները Կարեն Անդրեասյանն արձանագրել է դատաիրավական և ուժային կառույցներում:

«Հատուկ քննչական ծառայությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և այլ իրավախախտումների մի շարք դեպքերով», - նշված է զեկույցում:

«Նորաստեղծ այս ծառայության աշխատանքը հիմնականում ձևական է, կեղծ», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանը, - «Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում։ Դրանց գերակշիռ մասը վերաբերում է բռնություններին ոստիկանական բաժանմունքներում։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է հրապարակում այդ հաղորդագրությունները և հետո փակում. այսինքն՝ մենք չենք տեսնում որևէ բռնության դեպք, որը կարող են տանել դեպի բացահայտում»։

Խոշտանգումները շարունակվում են նաև ազատազրկման վայրերում, փաստում է օմբուսդմենը՝ պնդելով, որ դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ այդ դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ:

Իրավապաշտպան Ալեքսյանյանն էլ ավելացնում է, որ սա դատախազության աշխատաոճն է, դատախազությունն առհասարակ չի իրականացնում վերահսկողություն, ինչի հետևանքով նաև անմեղ մարդիկ են հայտնվում բանտերում:

«Ոչ մի դեպքում այդ բռնությունները չեն բացահայտվում։ Ես կարող եմ Հայկ Կյուրեղյանի դեպքը ասել, երբ արձանագրվել էին անգամ բռնությունները, կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայությամբ», - ասում է նա։

Օմբուդսմենի զեկույցում քննադատվում է նաև ոստիկանությունը՝ խաղաղ հավաքներ սահմանափակելու, այդ թվում` հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու, որոշ դեպքերում՝ նրանց անհարկի բերման ենթարկելու համար: Համաձայն զեկույցի՝ բազմաթիվ են խախտումները պաշտպանության նախարարությունում: Օմբուդսմենը պնդում է, որ չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ զինված ուժերում մահվան, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների խախտման մի շարք դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Զինծառայողների մահվան որոշ դեպքերի քննությունն իրականացվել է՝ խախտելով բազմակողմանիության և հրապարակայնության պահանջները: Մի շարք դեպքերում էլ թերի է իրականացվել փորձաքննությունը, զորակոչվել են առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներ», - ասվում է զեկույցում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կիսում է այս բոլոր մտահոգությունները՝ պնդելով, որ այս ամենի պատճառը անպատժելիության մթնոլորտն է:

«Ամեն ինչ անում են իրավապահ մարմինները, որ որևէ գործ չբացահայտվի», - պնդում է իրավապաշտպանը։

Ուժային կառույցներից բացի, ամենաշատ խախտումները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում են արձանագրվել: Մեկ տարուց ավելի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող քաղաքացիների բողոքը ևս հայտնվել է զեկուցում: Օմբուդսմենը կոպիտ խախտում է համարում Պետական և մասնավոր հատվածներում համատեղությամբ աշխատողներից սոցիալական վճարի կրկնակի գանձումը, ինչի արդյունքում մի շարք մասնագետներ ստիպված են եղել հրաժարվել պետական աշխատանքից:

Զեկույցում նշվում է, որ Առողջապահության նախարարությունն առայսօր օրենսդրորեն չի սահմանել «բժշկական սխալ» հասկացությունը, Կրթության և գիտության նախարարության էլ չի հուզում միջնակարգ կրթության անբավարար որակը, օրենսդրական բացթողումների հետևանքով դպրոցների տնօրենների ընտրությունները որոշ դեպքերում չեն եղել օբյեկտիվ ու թափանցիկ:

Աֆրիկյանների տուն՝ այլևս գոյություն չունեցող հուշարձանը ևս հայտվել է զեկույցում. ըստ օմբուդսմենի՝ Մշակույթի նախարարությունը հետևողական չի եղել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ապահովելու հարցում:

Ըստ պաշտպանի, բազմաթիվ են խախտումները նաև այլ նախարարություններում։ Օրինակ՝ ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառի արդյունքում վերցված ջուրը ոչ բոլոր դեպքերում է օգտագործվել ոռոգման համար: Մինչ օրս չի լուծվել Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակելի տներով ապահովելու հարցը:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ վերոհիշյալ պետական այս կառույցները հանդես կգան պարզաբանումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG