Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարցերի ու առաջիկա անելիքների քննարկմանն էր նվիրված այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը:
Բացելով խորհրդակցությունը և ներկայացնելով օրակարգի հարցերը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014 թվականի մարտի 1-ից մինչ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ: Բանախոսները հանգամանալից անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին, այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ և պլանային միջոցառումներին, ԶՈւ պատրաստության պլանի համաձայն անցկացված հանկարծակի ստուգումներին: Առաջարկություններ են ներկայացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների, զինծառայողների և կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավման վերաբերյալ:
Ամփոփիչ զեկույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Խորհրդակցության ավարտին Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման և զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: