Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 31-ին «Բլումբերգ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Բելառուսը երբեք Ռուսաստանի մաս չի կազմի: Հարցազրույցը երեկ հրապարակել է բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը:
«Ռուսաստանի քաղաքական շատ գործիչներ մինչև հիմա կայսերական մտածելակերպ ունեն և Բելառուսը դիտարկում են ոչ այլ կերպ, քան Ռուսաստանի հյուսիսարևմտյան գավառ», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նշել է, որ կպայքարեն եվրոպացիների, ամերիկացիների, ռուսների և բոլոր նրանց դեմ, ովքեր երբևէ կգան զավթողական նպատակներով:
«Բլումբերգ»-ին տված հարցազրույցում, պաշտպանելով Բելառուսի ինքնիշխանությունը, Լուկաշենկոն նաև հակադարձել է արևմտյան պաշտոնյաներին, ովքեր նրան համարում են Եվրոպայի վերջին դիկտատորը:
«Ես այլևս Եվրոպայի վերջին դիկտատորը չեմ: Դիկտատորներ կան, որ ինձնից ավելի վատն են, այդպես չէ՞: Ես արդեն ավելի փոքր չարիք եմ», - ասել է նա՝ հավանաբար նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Պուտինին, ում վարկանիշը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում խիստ ընկել է Ուկրաինա ներխուժելու պատճառով:
Ալեքսանդր Լուկաշենկոն 21 տարի Բելառուսի ղեկավարն է: Նա հաճախ իրեն ներկայացնում է որպես հանդուգն մարդ, ով ճնշումների է ենթարկվում թե՛ Ռուսաստանի, թե՛ հատկապես Արևմուտքի կողմից, որտեղ նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված:
Լուկաշենկոյի այս հարցազրույցը համընկել է ռուս և բելառուսցի ժողովուրդների միասնության օրվա հետ: 1996 թվականի ապրիլի 2-ին Բելառուսը և Ռուսաստանը միութենական պետություն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այդ օրվա կապակցությամբ երկու երկրներին ուղղված շնորհավորական ուղերձում Լուկաշենկոն շեշտը դրել է տնտեսական ներուժի վրա՝ միութենական պետությունը ներկայացնելով որպես տնտեսական ահռելի հնարավորություններ համագործակցելու համար:
Միության օրը շնորհավորել է նաև Մոսկվան, Կրեմլը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը այդ օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Բելառուսը և Ռուսաստանը ռազմական ամուր կապեր ունեն, հետխորհրդային մի շարք կառույցների, միությունների անդամներ են, բայց Լուկաշենկոն զգուշանում է Բելառուսի վրա Մոսկվայի ավելի մեծ վերահսկողությունից: Նա և Ղազախստանի երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շատ հստակ նշել են, որ այս տարվա հունվարի 1-ից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը չպետք է գործիք դառնա Ռուսաստանի ձեռքում իրենց երկրների վրա քաղաքական ազդեցության համար: