Մատչելիության հղումներ

Գուլոյանի հետ հնարավոր է ճանապարհ անցնել և խնդիրներ լուծել․ Նաղդալյան


Կարապետ Գուլոյան, արխիվ
Կարապետ Գուլոյան, արխիվ

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հանրապետականներն արձագանքել են Ծառուկյանի փեսայի՝ մարզպետի պաշտոնում նշանակմանը:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ազատության» հարցին, թե արդյոք Կոտայքի մարզպետի պաշտոնում հատո՞ւկ է ընտրվել Կարապետ Գուլոյանի թեկնածությունը, պատասխանեց, որ ոչ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարապետ Գուլոյանը, Աբրահամյանի խոսքով, մարզպետ է նշանակվել, քանի որ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանին հեռացրել են։

«Նախկին մարզպետը շատ լավ էր աշխատում Կոտայքի, իրեն տեղափոխեցինք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, և նշանակեցինք Աբովյանի քաղաքապետ», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը Հանրապետականի գործադիր մարմնի նիստին էր շտապում և այդպես էլ չպատասխանեց հարցին, թե այս որոշումը որևէ առնչություն ունե՞ր այն փաստի հետ, որ Գուլոյանը Ծառուկյանի փեսան է։

Արդեն նիստի ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը «Ազատության» հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ Ծառուկյանի հետ հաշտվել են, ասաց, որ այս նշանակումը պետք չէ կապել այլ բաների հետ։

«Սա նշանակում է, որ Գուլոյան Կարապետը նշանակվել է մարզպետ, մնացած ամեն ինչը ֆանտազիաների ժանրից են, և յուրաքանչյուրը կարող է իր համար ամեն տեսակի մեկնաբանություններ կատարել», - ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:

Նա այդպես էլ չասաց, թե արդյոք ում նախաձեռնությունն է եղել հենց Գուլոյանին առաջադրել այս պաշտոնին, միայն հավելեց, թե այս նշանակումով կարելի է եզրակացնել, որ Ծառուկյանի փեսայի հետ հնարավոր է ճանապարհ անցնել և խնդիրներ լուծել։ Այն հարցին էլ՝ վերջերս ԲՀԿ-ն լքած Գուլոյանը չի՞ ցանկանում արդյոք անդամակցել Հանրապետականին, Նաղդալյանը պատասխանեց, որ նման հարց չեն քննարկել։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է առաջիկայում Կառավարության կազմում այլ փոփոխություններ լինեն․ - «Այսօր նման հարցեր չեն քննարկվել, նման բան եթե լինի, Կառավարությունը կհայտարարի էդ մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG