Մատչելիության հղումներ

Հայաստանում աուտիզմով ապրողների թիվը կրկնապատկվել է


Եթե 2007 թվականին արձանագրվել է 73 նոր դեպք, ապա 2014-ին արդեն՝ 157:

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում վերջին 8 տարիների ընթացքում աուտիզմով երեխաների թիվըկրկնապատկվել է: Աուտիզմի առաջացման և դրանով ապրողների թվի ավելացման պատճառները դեռևս պարզված չեն:

Որոշ գիտնականներ պնդում են, որ հիվանդությունը գենետիկական է, որոշներն էլ խոսում են աղտոտված մթնոլորտի կամ պատվաստումների ազդեցության մասին: Ընդ որում, տղաների շրջանում այս հիվանդությունը մոտ 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների:

Թեև աուտիզմով ապրողները այլ կերպ են աշխարհն ընկալում, օրինակ, չեն հասկանում, թե ինչու են մարդիկ խաբում, որոշակի իրավիճակներում՝ լռում, սակայն աուտիզմով շատ երեխաներ ունեն որոշակի պոտենցիալ և կարող են մասնագիտություն ձեռք բերել ու ինտեգրվել միջավայրին:

«Ասենք, կլասիկ նավային ինժեներ կարող է լինել մի երեխա, ով կենսաբանությունից «երկուս» ունի, բայց ինքը էնպիսի նավ կարող է գծել, որ լուրջ ինժեներները զարմանան: Էս մարդիկ քառակուսուց դուրս են ընկալում», - ասաց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Սակայն այդ զարգացումը ապահովելու համար երեխաները հոգեբանների և լոգոպեդների հետ աշխատանքի երկարատև կարիք ենունենում: Աուտիզմի՝ որպես հաշմանդամության հանգեցնողհիվանդության բուժումը Հայաստանում ներառված է պետական պատվերի մեջ, սակայն անվճար մատուցվող բուժօգնությունը ստանալու համար շատերը տարիներով հերթ են կանգնում:

Հաճախ աուտիզմով ապրող երեխաների ծնողները ստիպված են լինում իրենց միջոցներով կազմակերպել բուժումը: Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ պետական միջոցներն ու մասնագիտական ներուժը չի բավարարում ավելի ծավալուն օգնության համար:

Աուտիզմով ապրող երեխայի ծնողներից մեկն ասում է, որ անհրաժեշտ վճարումները դժվարությամբ է կատարում, այն դեպքում, երբ երեխային խնամելով՝ չի կարողանում անգամ աշխատել:

«Խնդիրները շատ են, բայց ամենակարևորը՝ գումարային կողմը, որ շատ անգամ ծնողը չի կարողանում երեխայի պարապելու տալու և դրա պատճառով տուժում է թե երեխայի խոսքը, թե հոգեբանական վիճակը», - ասաց մայրը՝ ընդգծելով, որ մտավախություն ունի նաև երեխայի ապագայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG