Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ երիտասարդ դիրիժորը հանդես կգա Երևանում


Armenia -- The poster of Armenian Philharmonic Orchestra for April, 2015.

Փարիզում ծնված մեր հայրենակից, անվանի դիրիժոր, աշխարհի մեկ տասնյակից ավելի հեղինակավոր թատրոնների մշտական հրավիրյալ դիրիժոր Ալան Ալթինօղլին ընդամենը մի քանի օր է Երևանում, բայց արդեն հասցրել է ոչ միայն փորձեր ունենալ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, այլև այցելել է Էջմիածին, Սևան, այլ տեսարժան վայրեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացնելիս՝ ՀՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ասաց․ - «Բարձրագույն հաջողությունների հասած երիտասարդ դիրիժոր է: Միևնույն ժամանակ հայ է, միևնույն ժամանակ հրաշալի տղա է»:

Հարցին, թե ինչու է պահպանել թրքական ազգանունը, երիտասարդ դիրիժորը պատասխանեց․ - «Մեր ազգանունը Ալթունյան էր․․․ Թուրքերը 1934-ին կանոն մը ըրին, հայկական անունները թուրքականի փոխեցին, Ալթունյանը Ալթինօղլի եղավ: Երբ որ հայրս 71 թվականին Ֆրանսիա եկավ, ուզեց փոխել, ասացին՝ կըրնաք փոխել, բայց ֆրանսիական անուն պետք է լինի․․․»:

Ալան Ալթինօղլու ընտանիքը դեռ անցած դարի 70-ականներից Պոլսից տեղափոխվել է Փարիզ բնակության, որտեղ էլ ծնվել է Ալանը:

Նրա ջանքերով և նախաձեռնությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս տարի ապրիլի 21-ին տեղի կունենա մի աննախադեպ համերգ, որին Ալթինօղլին աշխարհի բոլոր ծայրերից հրավիրել է հայազգի լավագույն 70 երաժիշտների: Համերգը նվիրվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Իսկ վաղը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվախումբը Ալթինօղլու ղեկավարությամբ կկատարի Վագների, Ռավելի, Սեն-Սանսի ստեղծագործությունները: Համերգը կրում է «Հիշում եմ և պահանջում» խորագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG