Մատչելիության հղումներ

ԿԳՆ-ի կողմից չհաստատված շտեմարանները շարունակում են դպրոց մտնել


ԿԳՆ-ի կողմից չհաստատված շտեմարանները շարունակում են դպրոց մտնել
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Նախարարությունը սա ապօրինություն է որակում:

Տարեվերջին նախատեսված քննություններին ընդառաջ՝ դպրոցներում շրջանառվում են շտեմարաններ, խնդրագրքեր, որոնք, թեպետ հաստատված չեն կրթության նախարարության կողմից, սակայն ուսուցիչները պարտադրում են ծնողներին գնել դրանք: Համենայնդեպս, այդ մասին «Ազատության»-ը պատմեցին երևանյան մի քանի դպրոցների 4-րդ դասարանցիների ծնողները:

Տեսախցիկից նրանք խուսափեցին, սակայն ցույց տվեցին շտեմարանները և երեխաների օրագրերը՝ դրանք գնելու պահանջով: Գրախանութներում այս շտեմարանները չեն վաճառվում, ծնողը ստիպված է ձեռք բերել դրանք այսպես ասած «սև շուկայից»՝ վճարելով յուրաքանչյուրի համար 800 - 1000 դրամ:

Ծնողներին հստակ ուղղորդում են գնել կոնկրետ հեղինակի դասագիրքը: Մասնավորապես, 4-րդ դասարանի մայրենիի շտեմարանի դեպքում պետք է գնել Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ)մասնագետ Միրցա Հալաջյանի, իսկ մաթեմատիկայի դեպքում՝ Գաբրիելյանի և Փիլիպոսյանի գիրքը:

ԳԹԿ-ից հերքեցին, թե կառույցը կապ ունի այս ամենի հետ՝ հավելելով, որ դա զուտ մասնագետի անհատական նախաձեռնությունն է: Կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ուսուցիչներն իրենք պետք է կազմեն այս թեստերը, այլ ոչ թե պարտադրեն աշակերտներին գնել դրանք:

«4-րդ դասարանի մաթեմատիկայի և հայերենի քննության նմուշները ԳԹԿ-ն մշակել է, թե ինչպիսին պիտի լինեն: Դրանք տեղակայված են մեր կայքում: Դրա հիման վրա դպրոցները իրենք ընտրում են նման առաջադրանքները և իրենք են կազմում», - ասաց Մելիքյանը:

Կրթության և գիտության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 4-րդ դասարանի քննություններին պատրաստվելու համար լրացուցիչ ոչ մի շտեմարան անհրաժեշտ չէ, և պնդում է, որ աշակերտներին ստիպել լրացուցիչ գրականություն գնելը օրենքի կոպիտ խախտում է: Հովհաննիսյանը խոստացավ լուծել այս խնդիրը:

Ժամանակին դպրոցի տնօրեն, այսօր կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Ազատության»-ը ասաց, որ այս խնդրով կառավարությանն ուղղված իր տասնյակ նամակներն այդպես էլ անպատասխան են մնացել:

«Դատելով օգտակար բիզնեսի տրամաբանությունից տեսան, թե ինչքան աշխատող բիզնես է, հիմա արդեն բերեցին 4-րդ դասարանում: Ուսուցիչը ինքը իր գործը հեշտացնում է: Լրացուցիչ հոգս ծնողի համար, բայց էն, որ էստեղ հաստատ մաֆիոզ բան է գործում․․․», - ասաց Բախշյանը:

Մխիթար Սեբասատացի կրթահամալիրի տնօրեն, Կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը, որ գնել ու ուսումնասիրել է այդ շտեմարանները,բացառեց, թե իր ղեկավարած դպրոց կարող են նման ձեռնարկներ մտնել:

«Սկզբունքորեն ճիշտ չեմ համարում թեստային համակարգի չարաշահումը այն ձևով, որ այսօր կա: Այսինքն, ի՞նչի ենք հասնում: Պարզ է, որ անցումը միանգամից չի լինի, պարզ է, որ բեկում պիտի լինի, բայց բոլոր դեպքերում ո՞նց եք պատկերացնում դրա սկիզբը», - ասաց Բլեյանը:

Ինչո՞ւ ուսուցիչների մտքով չի անցնում ծնողին հորդորել, օրինակ, Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գնել: Այսպիսի հարց է բարձրացնում Բլեյանն ու պատասխանում՝ որովհետեև այսօր դպրոցի խնդիրը ոչ թե երեխային մտածել սովորեցնելն է, այլ շտեմարանահեն անգիրը, որը սպանում է երեխայի երևակայությունը:

«Պետք է զարգացնել այդ երևակայությունը, խթանել և դա պետք է լինի դպրոցի թիվ մեկ խնդիրը, որովհետև փակուղիներ ենք հաստատում և անգիրի դպրոցը դառնում է դագաղի այն վերջնական մեխը՝ խփում ես ու վերջ, փրկություն չկա», - ընդգծեց Աշոտ Բլեյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG