Վարչապետ․ Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը Կառավարության պարտքը չէ

Վարչապետ․ Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը Կառավարության պարտքը չէ

No media source currently available

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդրին, հայտարարեց, որ այն, ինչ Կառավարությունը խոստացել է գործարանի աշխատողներին, ժամանակին կատարել է:

«Վերջին հանդիպման ժամանակ ես իրենց ասել եմ: Մեր պայմանավորվածությունն եղել է, որ մինչև տարվա վերջ վճարվի աշխատավարձերը ամենամսյա և մեկ անգամ էլ լրացուցիչ իրենց խնդրանքով վճարեն են փետրվար ամսին: Եվ եղել է մեր պայմանավորվածությունը, որ այլևս մեզ չդիմեն: Իրենք բաժնետերեր ունեն, խորհուրդ ունեն, խորհուրդով որոշեն: Սա կառավարության պարտքը չէ», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով․ - «Գործարանի ղեկավարության վատ և անփույթ աշխատանքի արդյունքում կառավարության վրա ավելորդ բեռ է ավելացել, որն ընդունելի չէ տնտեսական ծանր վիճակում»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ գործարանում դեռ աշխատող մարդկանց աշխատավարձն այս ամիս կվճարվի նախարարության միջոցների հաշվին, իսկ ինչ վերաբերում է նախկին աշխատողներին՝ ապա նրանց պարտքը վճարելու հստակ աղբյուրներ և ժամկետներ չկան․ - «Կան գույքեր գործարանում, որոնք անգամ «Նաիրիտ» ընկերության վերագործարկման ժամանակ պետք չեն լինելու գործարանին: Այդ գույքի վաճառքի հետ կապված այսօր արդեն բանակցություններ տարվում են և եղել են միջազգային հայտարարություններ: Որոշակի շարժ հավանաբար մոտ օրերս կլինի, մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում գույքի վաճառքի հետ կապված»:

Մինչ Կառավարության շենքում նիստ էր ընթանում, դրսում նաիրիտցիները հերթական բողոքի ցույցն էին անցկացնում: Ցուցարարներն ասում էին, որ այլևս սպասելու ժամանակ չունեն։

«Այսօր շատ վատ վիճակում ենք: Ժողովուրդը սովամահ է լինում: Շատերի գազը, լույսը կտրել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Մի քանի ժամ անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը անձամբ հանդիպեց «Նաիրիտ»-ի ներկայացուցիչների խմբին և փոխացեց, որ պարտքի մարման հարցում Կառավարությունը ոչինչ անել չի կարող: Ընդամենը խոստացավ միջնորդել, որ երկու ամսով հետաձգվի ուսանողների վարձավճարների մուծումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցարարների հետ խոստացավ հանդիպել առաջիկա երեքշաբթի, երբ պարզ կլինեն գործարանում անցկացված աուդիտի արդյունքները։

Ցուցարարները, սակայն, այս պատասխանը չգոհացրեց:

​
XS
SM
MD
LG