Չի բացառվում, որ ամերիկյան Սենատի ամենահայամետ անդամներից մեկը` Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը առաջիկա տարիներն անցկացնի ճաղերի հետևում: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե դատարանը հիմնավորված համարի երեկ երկրի Արդարադատության նախարարության կողմից Մենեդեսին պաշտոնապես ներկայացված կոռուպցիոն մեղադրանքների թեկուզ մի մասը:
Ամերիկացի դատախազները Մենենդեսին ընդհանուր առմամբ 14 կետով են մեղադրում` պաշտոնական դիրքի չարաշահում, խարդախություն, կաշառառություն: Ռոբերտ Մենենդեսը կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները: Երեկ՝ դատախազության կողմից մեղադրանքների պաշտոնական հրապարակումից մի քանի ժամ անց, սենատորը հանդես եկավ հայտարարությամբ․ - «Ես վրդովված եմ, որ երեք տարի առաջ Արդարադատության նախարարության դատախազները սկսեցին այս հետաքննությունը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատախազներին կեղծ մեղադրանքների հիման վրա մոլորության մեջ գցեցին մարդիկ, ովքեր քաղաքական ինչ-ինչ նպատակներից ելնելով ցանկանում են լռեցնել ինձ: Բայց ես չեմ լռելու: Ավելին՝ ես համոզված եմ, որ ի վերջո ես կարդարացվեմ, իսկ այդ մարդիկ պարզապես խայտառակ կլինեն»:
Պաշտոնական մեղադրանքի մի զգալի մասը վերաբերում է Ռոբերտ Մենենդեսի և նրա վաղեմի ընկերոջ` Ֆլորիդայում բնակվող բժիշկ և գործարար Սոլոմոն Մելջենի կապերին: Դատախազության պնդմամբ, Մենենդեսը, օգտագործելով իր դիրքը, զբաղվում էր Մելջենի բիզնես շահերի հովանավորությամբ: Փոխարենը Մելջենը տարիներ շարունակ բարձաստիճան սենատորին բազմաթիվ թանկարժեք նվերներ էր մատուցում: Այսպես, ըստ պաշտոնական մեղադրանքի, Մենենդեսը Ֆլորիդացի գործարարի հաշվին հանգստացել է Դոմինիկյան Հանրապետության ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկում, սիրուհու հետ մեկնել է Փարիզ` իջևանելով մի հյուրանոցում, որտեղ կեցության մեկ գիշերվա արժեքը գերազանցել է հազար ամերիկյան դոլարը: 2003-2011 թվականներին Մենենդեսը բազմաթիվ անվճար ուղևորությունների է մեկնել Մելջենին պատկանող մասնավոր օդանավերով:
Ներկայացված մեղադրանքում նաև նշված է, որ Սոլոմոն Մելջենը մի քանի հարյուր հազար դոլար է նվիրաբերել Մենեդեսի 2012 թվականի ընտրարշավի կազմակերպմանը:
«Ցավում եմ, որ դատախազությունը տարբերություն չի տեսնում ընկերության և կոռուպցիայի միջև», - մեղադրանքներին հակադարձում է Մենեդեսը: - «Գրեթե երեք տարի շարունակ ես ապրում էի Արդարադատության նախարարության ամպի ներքո: Ես վրդովված եմ, որ այդ ամպը այսօր էլ չի ցրվել»:
Նկատենք, որ եթե Մենենդեսի դեմ ներկայացված մեղադրանքները հաստատվեն, ապա Սենատը կկորցնի հայկական խնդիրներով առավել ակտիվորեն զբաղվող սենատորներից մեկին:
Մենենդեսը Հայոց ցեղասպանության ճանաչման գրեթե բոլոր բանաձևերի համահեղինակն է: 2006-2007 թվականներին հենց նա էր, որ երկու անգամ արգելափակեց Ռիչարդ Հոգլանդի նշանակումը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում` փաստարկելով, թե նա խուսափում է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակել:
Այլ հարց է, որ Մենենդեսի այդ քայլի հետևանքով Հայաստանի համապետական ընտրությունների և հատկապես 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունների և մարտի 1-ի սպանությունների ժամանակ Միացյալ Նահագները Երևանում ներկայացված էին ոչ թե դեսպանի, այլ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: