Մատչելիության հղումներ

ՊՆ-ն կոչ է անում տեղի չտալ «ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին»


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը, երեկ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

«Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծերը, ամբողջովին կեղծ և ակնհայտ ապատեղեկատվությունը տարածվում են նաև հայրենական որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերի օգտատերերի միջոցով», - հայտարարում է Պաշտպանության նախարարությունը՝ խորհուրդ տալով տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

Նախարարությունը վստահեցնում է, որ որդեգրել է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն` հասարակությանը հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ շփման գոտում լարվածության աճը Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված նենգ քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների», - ասված է հաղորդագրությունում:

«Հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG