Մատչելիության հղումներ

Վերաքննիչը հետաձգեց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի բողոքի քննությունը


Վերաքննիչը հետաձգեց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի բողոքի քննությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00

Դերասանի փաստաբանը ակնարկեց, որ համաներման ակնկալիքներ ունեն։

Վերաքննիչ դատարանը 20 օրով հետաձգեց 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը՝ հիմք ընդունելով դերասանի փաստաբանների միջնորդությունը:

Փաստաբան Սամվել Ջաղինյանը բացատրեց, որ պաշտպանող կողմի ֆրանսաբնակ փաստաբաններ Մարի Lոռ Դոզենին և Ժիրայր Չոլակյանին անհրաժեշտ է առաջին ատյանի դատարանի վճռի թարգմանված տարբերակը, ինը նրանց չի ուղարկվել, վերջիններս այդպիսով զրկվել են դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։

Ըստ օրենքի՝ ֆրանսաբնակ փաստաբանները դեռ բողոք ներկայացնելու ժամանակ ունեն, չնայած ավելի վաղ դերասանի մեկ այլ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ իրենք չեն բողոքարկելու առաջին ատյանի վճիռը։

Այսօր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս հետաձգումը դեռ չի նշանակում, որ նոր բողոք է պատրաստվում։ Այդ դեպքում ի՞նչն էր նիստը ևս 20 օրով հետաձգելու պատճառը, եթե դրանից առաջին հերթին տուժում է Վարդան Պետրոսյանը՝ ավելի երկար մնալով ճաղերի ետևում։

Փաստաբանը հորդորեց մի փոքր էլ սպասել՝ հասկանալու պաշտպանական կողմի մարտավարությունը։ Այդուհանդերձ, Բաղդասարյանը ակնարկեց, որ համաներման ակնկալիքներ ունեն։

«Ազատության» այն հարցին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե համաներում հայտարարեն մինչև Վերաքննիչ դատարանի վճիռը, Բաղդասարյանը պատասխանեց.- «Եթե մինչև համաներումը դատական ակտ է կայացվում, անփոփոխ է թողում առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ տուժող կողմը բողոքարկում է, ինքը շարունակում է մնալ կալանքի տակ այնքան ժամանակ, համաներումը նրա վրա չի տարածվի, մինչև Վճռաբեկ դատարանը որոշում չկայացնի։ Իսկ եթե տուժող կողմը պատահաբար մոռանա ինչ-որ փաստաթուղթ կցել, այս ժամկետը կարող է համաներումը հայտարարելուց հետո տևել 2-3 ամիս»։

Բաղդասարյանը մանրամասնեց.- «Եթե սխալ թույլ տա պաշտպանական կողմը, չսպասի համաներման ակտը կայացնելու նոր՝ Վերաքննիչ դատարանի որոշման ընդունմանը, ապա տուժող կողմը կարող է լուրջ չարաշահում անել, ու այդ մարդը կմնա կալանքի տակ, մինչև համաներման ակտը իր վրա տարածվի։ Իսկ տուժողը կարող է արհեստականորեն ձգձգել այդ պրոցեսը։ Ամբաստանյալին, ով հայտնվում է նման իրավիճակում, ձեռնտու է սպասել համաներմանը»։

Մոտ երկու տարի առաջ Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի պատճառով երկու զավակներից զրկված տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նպատակահարմար չի համարում այսօր խոսել դեռևս գոյություն չունեցող համաներման մասին: Այդուհանդերձ, ըստ Բալոյանի՝ համաներման դեպքում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

«Մինչև համաներումը չլինի, չի կարելի որոշակի դիրքորոշում հայտնել»,- ասաց Բալոյանը։

Այսօր արդեն համացանցում լուրեր են շրջանառվում, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը համաներման խնդրագիր է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի քահանա տեր Վահրամ Մելիքյանն ոչ հերքում, ոչ հաստատում է այս լուրը:

Հիշեցնենք, հայտնի դերասանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG