Մատչելիության հղումներ

Ղրիմում փորձում են լռեցնել թաթարական հեռուստաընկերությունը


Ղրիմում ATR հեռուստաընկերության շենքը
Ղրիմում ATR հեռուստաընկերության շենքը

Ղրիմի թաթարները 2014 թվականի մարտին ընդդիմացել են Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցմանը։

ATR հեռուստաընկերությունը հեռարձակման համար Ուկրաինայի իշխանությունների արտոնագիր ունի, բայց Ղրիմը բռնակցելուց հետո Ռուսաստանը հայտարարել է, որ Ղրիմում Ռուսաստանի օրենքներն են գործում և հիմա այդ հեռուստաընկերությանը ռուսական արտոնագիր չեն տալիս։

Երեկ Սիմֆերոպոլում հրավիրված ասուլիսի ժամանակ ATR հեռուստաընկերության սեփականատեր Լենուր Իսլիամովը լրագրողներին ասել է, որ ռուսական մամուլի կարգավորիչ մարմինը՝ «Ռոսկոմնադզոր»-ը մի քանի անգամ մերժել է ATR-ի՝ ըստ ռուսական օրենքների գրանցվելու փորձերը: Ամեն անգամ ինչ-որ տեխնիկական պատճառաբանություններով՝ թաթարական հեռուստաընկերությանը ռուսական իշխանությունները չեն գրանցում։

Իսլիամովն ասել է, որ մինչև հիմա ուկրաինական արտոնագրով հեռարձակվող հեռուստաընկերության գրանցման վերջնաժամկետը մարտի 31-ն է, բայց այդ պահին դեռ որևէ նորություն չկար։

ATR հեռուստաընկերության սեփականատերը հայտարարել է, որ հեռարձակումը շարունակելու համար չեն պլանավորում դուրս գալ Ղրիմից, հեռուստաընկերությունը տեղակայել Կիևի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքում՝ նշելով, որ կփորձեն Ղրիմում աշխատանքը շարունակելու համար օրինական այլ ուղիներ գտնել։

Նա նաև հայտնել է, որ իրեն առաջարկել են վաճառել հեռուստաընկերությունը, հակառակ դեպքում սպառնացել են ուժ կիրառել, սակայն ստույգ անուններ չի նշել։ «Ինձ ասել են կամ վաճառում ես, կամ ուժով ենք վերցնելու։ «Կարծո՞ւմ ես ինչ-որ մեկը քեզ կպաշտպանի՞». հարցն այն է, որ կարելի է վերցնել հեռուստաընկերությունը, սերվերը, հաճախականությունը, բայց ինչպե՞ս կարելի է վաճառել կոլեկտիվը, ինչպե՞ս կարող են վաճառել լրագրողներին, ի՞նչ է, նրանք կահո՞ւյք են» , - ասել է նա՝ նշելով, որ հեռուստաընկերությունը պատրաստ է աշխատել Ղրիմի իշխանությունների հետ պահպանելու համար թերակղզու բազմամշակութային ավանդույթները։

Նշենք, որ հեռուստաընկերությունը հաղորդումներ էր հեռարձակում երեք լեզուներով՝ թաթարերեն, ուկրաիներեն և ռուսերեն։ Մեդիա հոլդինգի գլխավոր տնօրեն Էլզարա Իսլիամովան ասել է, որ ATR հեռուստաընկերությունը ինչպես նաև Leader և Meydan ռադիոընկերությունները կեսգիշերին կդադարեցնեն հեռարձակումները քանի որ նշված լրատվամիջոցներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ «Ռոսկոմնադզոր»-ի արտոնագիրը։

Երեկ Ղրիմի թաթարները՝ մոտավորապես 100 մարդ, հավաքվել էին ATR հեռուստաընկերության գրասենյակի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու թաթարական հեռուստաընկերությանը։ Ղրիմի թաթարների առաջնորդները, ակտիվիստները, իրավապաշտպանները, պնդում են, որ ենթարկվում են խտրականությունների, ճնշումների, քանի որ 2014 թվականի մարտին ընդդիմացել են Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինակա բռնակցմանը։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ավելի վաղ ասել էր, թե անթույլատրելի է հեռուստաընկերության աշխատանքը, որը Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու հույսեր է տալիս։

Նշենք, որ Ղրիմի թաթարները կազմում են թերակղզու բնակչության մոտ տասը տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG