Մատչելիության հղումներ

2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միլիոններն ավելացել են, ծագումը դեռ անհայտ է


2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միլիոններն ավելացել են, ծագումը դեռ անհայտ է:
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00

Միլիոնատերեր են նաև տարիներ շարունակ պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքապետի երեք տեղակալները:

Որտեղի՞ց Երևանի քաղաքապետին 250 միլիոն դրամ, 50 հազարական էլ եվրո և դոլար, եթե ամսական մոտ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում ու պնդում, որ եկամուտի այլ աղբյուր չունի: Տարիներ շարունակ ընդդիմադիրներին չի հաջողվում ստանալ այս հարցի պատասխանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Տարոն Մարգարյանի 2014 թվականի հայտարարագիրը: Այստեղ միայն դրամական միջոցներն են:

Երկու տարի առաջ գլխավորելով Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ Երևանում, ամառանոց Ջերմուկում, հողամաս Դիլիջանում, ավտոտնակներ ու շքեղ ավտոմեքենաներ: Դրանցից մեկը՝ Range Rover-ը քաղաքապետն անցած տարի վաճառել է 15 միլիոն դրամով, մոտ 156 միլիոն էլ Երևանի քաղաքապետը ստացել է հողատարածքի դիմաց:

Միլիոնատեր է նաև Մարգարյանի գործազուրկ կինը: Չունենալով եկամուտի որևէ աղբյուր՝ Գոհար Սարգսյանը անցած տարի պահպանել է 50 միլիոն դրամը: Ըստ ՀԱԿ-ի՝ Գլխավոր դատախազությանը ներկայած հաղորդման, նա նաև հայտարարագրել է իրեն պատկանող սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ, ու սա դեռ ամենը չէ:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ը, գումարելով Տարոն Մարգարյանի գույքն ու փողերը, մոտ 10 միլիոն դոլար էր գնահատել քաղաքապետի կարողությունը: 2013-ին նույնիսկ Հատուկ քննչական ծառայությանը դիմեցին՝ պարզելու ինչպես է 37-ամյա Մարգարյանը՝ ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցնելով, դիզել կարողություն, որը չէր վաստակի, եթե նույնիսկ մինչև խոր ծերություն քաղաքապետ աշխատեր: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հիշեցրեց՝ դատախազությունը մերժեց քրեական գործ հարուցել Մարգարյանի դեմ՝ ապացուցված չհամարելով, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ եթե հայտնի չէ ունեցվածքի աղբյուրը, արդեն կա հիմք քրեական գործ հարուցելու համար:

«Դատախազությունը ինքը պիտի ձեռքերը քշտած մտներ գործի մեջ և բացահայտեր, թե որտեղից են էդ ունեցվածքները ձեռք բերվել: Դատախազությունը դա չի կատարել և իրականում հանցագործություն է կատարել, անգործություն է կատարել», - ասաց Զուրաբյանը:

Ստյոպա Սաֆարյանն էլ գիտի՝ ինչու դատախազությունը չի հետաքրքրվում այդ գումարներով․ Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս․- «Դատախազությունը հո միամիտ չի՞, դատախազը հո խելքը հացի հետ չի՞ կերել, որ գնա և մի ստուգման արդյունքում կորցնի իր պաշտոնը»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը անընդհատ պահանջում է թափանցիկ դարձնել քաղաքային բյուջեն, ընդդիմադիրները վերահսկելու ոչ մի գործիք չունեն․- «Դրա արդյունքը լինում է այն, որ իսկապես մի գեղեցիկ օր , կարդալով պաշտոնյաների հայտարարագրերը, մենք տեսնում ենք, որ գործ ունենք, թաքնված միլիոնատերերի, միլիարդատերերի հետ, այն դեպքում, երբ այդ մարդիկ հայտնի չեն եղել իրենց տաղանդավոր բիզնես հանճարով»:

Տարոն Մարգարյանի ունեցվածքի չափը մեծ չէ, բայց շոշափելի է նաև նրա տեղակալների կարողությունը․ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն, օրինակ, որ նախկինում գլխավորել է Մալաթիա-Սեբաստիա համայնքը, միայն աշխատավարձով հասցրել է կուտակել 30 միլիոն դրամ, 22 հազար դոլարից ավելի և մոտ 14 հազար եվրո՝ չհաշված գույքը: Փոխքաղաքապետի որդին էլ անցած տարի գնել է մոտ 10 միլիոն դրամանոց Toyota Prado ավտոմեքենա՝ նվեր ստացած գումարով:

Երիտասարդ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը գործազուրկ կնոջ հետ հայտարարգրել է 30 հազար դոլար, 17 հազար եվրո և մոտ 11 միլիոն դրամ: Նիկոյանն անցած տարի 11 միլիոն դրամով ձեռք է բերել Mercedes ավտոմեքենա`17 միլիոնով վաճառելով իր Volkswagen touareg-ը:

Ամենահամեստ կարողությունը, ըստ հանձնաժողովին ներկայացրած տվյալների, ունի Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ 400 հազար դրամ, աշխատավարձից բացի Արեյանը եկամտի այլ աղբյուր չի նշել: Արեյանի կինը մոտ 100 հազար դոլար ունի, բայց ի տարբերություն մյուս պաշտոնյաների կանանց, նա նաև աշխատավարձ է ստանում․ ճիշտ է՝ բավական համեստ՝ ամսական մոտ 120 հազար դրամ: Անցած տարի տիկին Արեյանը մոտ 5 միլիոն դրամ շահաբաժին է ստացել, կոնկրետ որտեղից՝ հայտնի չէ:

Տարոն Մարգարյանի լռության ֆոնին, հիշում է Լևոն Զուրաբյանը, նրա կուսակիցները հայտարարում էին, թե հորից՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից է ժառանգել ունեցվածքը, բայց այն դեռ աճում է:

«Դու 500 հազար դրամ աշխատավարձով չես կարող 10 տարվա մեջ կուտակել 10 միլիոն դոլարի ունեցվածք: Հարստության գաղտնիքը դա է՝ տիրանալ պետական իշխանության լծակին, օգտագործել դա մրցակիցներին դուրս հանելու վռնդելու նպատակով», - ասաց ՀԱԿ պատգամավորը:

Հայաստանում ամենամեծ բիզնեսը պետական պաշտոն զբաղեցնելն է, շարունակում է Ստոյպա Սաֆարյանը՝ օրինակ բերելով թեկուզ պետական գնումների ու պատվերների շուկան, որ կարող է միլիոններ բերել: Ավագանու անդամը հեգնում է՝ թող մարդկանց էլ ուսուցանեն միլիոնատեր դառնալու գաղտնիքը:

Սաֆարյանը համաձայն է միջազգային կառույցների գնահատականների հետ՝ Հայաստանը համակարգային կոռուպցիայի երկիր է․- «Զգալի և նշանակալի մասը բուրգի վերևի մասերում է և այն ուղղակիորեն առնչվում է պետության եկամուտների եղբայրաբար բաժանման համար հետ»:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․ Հրապարակման մեջ տեղ գտած պարբերությունը, թե քաղաքապետի կինը «հայտարարագրում նաև նշել էր իրեն պատկանող սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ», սխալմամբ վկայակոչվել է որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրից վերցված տվյալ, մինչդեռ տեղեկատվության աղբյուրը ՀԱԿ-ի՝ դատախազությանը ներկայացրած հաղորդումն է:

Կարդալ մեկնաբանությունները (1)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG