Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը Ստալինի հանդեպ


Ռուսաստանցիների 37 տոկոսը դեմ չէր լինի, եթե մայիսի 9-ից առաջ Մոսկվայում տեղադրվեր Իոսիֆ Ստալինի հուշարձանը: Սա են վկայում Մոսկվայում գործող սոցիոլոգիական ծառայություններից մեկի` «Լևադա» կենտրոնի երեկ հրապարակած հերթական հետազոտության տվյալները:

Ռուսաստանցի սոցիոլոգների պնդմամբ, վերջին հինգ տարիներին այս գաղափարի կողմնակիցների թիվը զգալիորեն աճել է:

«Եթե 2010-ին Ստալինի հուշարձանի տեղադրման օգտին էր հանդես գալիս ռուսաստանցիների միայն 24 տոկոսը, ապա այսօր տեսնում ենք, որ դրա կողմնակիցների թիվը մոտենում է 40 տոկոսի սահմանագծին», - արձանագրում են մոսկվացի սոցիոլոգները:

«Լևադայի» մասնագետները նշում են, որ ռուսաստանցիների շրջանում Ստալինի նկատմամբ դրական վերաբերմունքի աճը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Այսօր, օրինակ, ռուսաստանցիների 45 տոկոսը համոզված է, որ Ստալինի իշխանության տարիներին խորհրդային ժողովրդի կրած զրկանքները արդարացված էին: Ընդամենը երեք տարի առաջ` 2012-ին, այս տեսակետին էր հակված ռուսաստանցիների միայն 25 տոկոսը:

«Լևադայի» հրապարակած հետազոտության համաձայն ռուսաստանցիների 30 տոկոսը Ստալինին հարգանքով է վերաբերվում, 7 տոկոսը՝ համակրանքով, իսկ հարցվածների 2 տոկոսը նշել է թե խորհրդային բռնապետի կերպարն իրենց հիացմունք է պատճառում: Որպես հետևանք, արձանագրում են սոցիոլոգները, տարեցտարի երկրում նվազում է Ստալինի գործունեությունն ու պատմական ժառանգությունը բացասաբար գնահատող ռուսաստանցիների թիվը: Այսպես, եթե 2001-ին՝ Պուտինի իշխանության սկզբում, Իոսիֆ Ստալինին բացասաբար` ատելությամբ, վախով կամ զզվանքով էր վերաբերվում ռուսաստանցիների 43 տոկոսը, ապա այսօր նման քաղաքացիների թիվը երկրում ընդամենը 20 տոկոս է:

«Ամեն չորորդ ռուսաստանցին այսօր համոզված է` Ստալինի մահը մեծ առաջնորդի և ուսուցչի կորուստ էր երկրի համար», - նշում են «Լևադայի» սոցիոլոգները, արձանագրելով, որ Խորհրդային Միության ամենաերկարակյաց և դաժան ղեկավարի հանդեպ դրական վերաբերմունքը բնորոշ է հատկապես միջնակարգ կրթությամբ, գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում ապրող, ցածր եկամուտ ունեցող տարեց բնակչությանը:

«Առավել բացասաբար Ստալինին վերաբերվում են մեծ քաղաքների` նախևառաջ Մոսկվայի բնակիչները», - նշում են «Լևադա» կենտրոնի մասնագետները: Ի դեպ, նրանց դիտարկմամբ ռուսաստանցիների շրջանում այսօր զգալի թիվ են կազմում նաև այն մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ կարծիք չունեն Ստալինի մասին․ հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 30 տոկոսը՝ մեծամասամբ երիտասարդներ, նշել են, որ բացարձակապես անտարբեր են Իոսիֆ Ստալինի կերպարի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG