Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները հանդիպել են ԼՂ-ում դատապարտված դիվերսանտներին


Դիլհամ Ասկերովը և Շախբազ Գուլիևը դատական նիստի ժամանակ, արխիվ

Այսօր Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը և ԼՂ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելել են ԼՂ-ի ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ Գուլիևին: Վերջիններս, հիշեցնենք, դատապարտվել էին 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության և Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար:

Այցելության նպատակը Ասկերովին և Գուլիևին պահելու պայմաններին ծանոթանալն էր: Այցելության ժամանակ ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտարահիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը:

Դիտարկումն իրականացրած Կարեն Օհանջանյանը և Սվետլանա Ջհանգիրյանը հայտարարել են որ դատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցել են մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն են հայտնեցին իրենց պահման պայմանների վերաբերյալ:

«Ուսումնասիրման արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շախբազ Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, և, որ ԼՂՀ իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ որևէ նորմի խախտում», - մասնավորապես ասված է «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG