Մատչելիության հղումներ

Սորոսը պատրաստ է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայում


Ամերիկացի բարերար Ջորջ Սորոս, արխիվ
Ամերիկացի բարերար Ջորջ Սորոս, արխիվ

Նրա համոզմամբ՝ Արևմուտքը կարող է Ուկրաինան ավելի գրավիչ դարձնել ներդրողների համար` պաշտպանելով նրանց միջոցները քաղաքական հնարավոր ռիսկերից։

Ամերիկացի մեծահարուստ, ներդրող և բարերար Ջորջ Սորոսը հայտարարել է, որ կարող է մեկ միլիարդ դոլար ներդնել Ուկրաինայում՝ պայմանով, որ արևմտյան երկրներն, իրենց հերթին, վարկերով և փոխառություններով աջակցեն Ուկրաինայի մասնավոր ներդրումային համակարգին։

«Ես պատրաստ եմ, ես կարող եմ ներդնել մեկ միլիարդ դոլար, դա պետք է եկամուտ ապահովի», - ասել է Սորոսը՝ պատասխանելով Ավստրիայում լույս տեսնող Der Standard օրաթերթի հարցին, թե արդյո՞ք ինքն անձամբ կարող է օրինակ ծառայել արևմտյան աշխարհի մնացած ներդրողների համար։

«Կան հստակ ներդրումային գաղափարներ, օրինակ՝ Ուկրաինայի գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում», - նշել է նա։

Սորոսի համոզմամբ՝ Արևմուտքը կարող է Ուկրաինան ավելի գրավիչ դարձնել ներդրողների համար` պաշտպանելով նրանց միջոցները քաղաքական հնարավոր ռիսկերից։ Օգնության տարբերակներից մեկն, օրինակ, շատ ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։

«Եվրոպական միությունում տոկոսադրույքը մոտ է զրոյի», - ասել է Սորոսը։

Մեծահարուստը նախկինում էլ խոսել է Ուկրաինային սատարելու անհրաժեշտության մասին։ Այս տարվա հունվարին Կիևում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նա ասել է, որ անպայման հորդորելու է անվանի գործարարներին սատարել ծանր կացության մեջ գտնվող Ուկրաինայի տնտեսությանը։

Ռուս անջատականների դեմ պատերազմը, ներքին քաղաքական վեճերն ու տնտեսական չափազանց բարդ վիճակն Ուկրաինան հասցրել են դեֆոլտի շեմին։ Կիևը հուսով է, որ տնտեսական աղետը հնարավոր կլինի կանխել արևմտյան ներդրումների և փոխառությունների միջոցով։

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն խոստացել է 17.5 միլիարդ դոլարի քառամյա ծրագիր։ Սակայն այդ վարկը կտրվի միայն այն դեպքում, եթե Կիևն ընդունի գազի և ջեռուցման սակագները շուկայականի հասցնելու նախապայմանը։

«Շուկաները ենթադրում են, որ Ուկրաինայում դեֆոլտ կլինի, հիմա դեռ կան դա կանխելու հնարավորություններ», - ասել է Ջորջ Սորոսը և ավելացրել. - «Ես ուզում եմ, որ Ուկրաինան խուսափի դեֆոլտից, և ես կաշխատեմ իշխանության հետ, ես կփորձեմ համոզել ներդրողներին, որ Ուկրաինային միջոցներ հատկացնեն։ Տարին ծանր է լինելու նախևառաջ արտաքին վտանգի առումով, Արևմուտքը` թե՛ Եվրամիությունը, և թե՛ Ամերիկան, մինչև վերջ չեն ըմբռնում, թե որքան է սարսափելի այդ վտանգը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG