Քննիչները բացահայտել են, որ Ֆրանսիայի հարավում աղետի ենթարկված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը նախքան օդաչու դառնալը մի քանի տարի շարունակ բուժում է ստացել ինքնասպանության հակվածության դեմ։ Այնուհետև, երբ Լյուբիցին տրվել է օդաչուի արտոնագիր, նրա փաստաթղթերում բուժման փաստը չի արձանագրվել, հաղորդել են քննիչները։
Մարտի 24-ին Germanwings ավիաընկերության А 320 օդանավը Իսպանիայից Գերմանիա չվերթի ժամանակ աղետի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ լեռնային տեղանքում: Ինքնաթիռում աղետի պահին գտնված 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են։
Ինքնաթիռի անկման փաստով քրեական գործ է հարուցվել: Քննիչները կարծում են, որ աղետը տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է կտրուկ իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը։