Մատչելիության հղումներ

Կենդանասերներին զայրացրել է յուրաքանչյուր կենդանու համար 5000 դրամ տուրքի պահանջը


Կենդանասերներին զայրացրել է յուրաքանչյուր կենդանու համար 5000 դրամ տուրքի պահանջը
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Վերջին շրջանում տանը շուն պահող երևանցիները սկսել են ծանուցագրեր ստանալ թաղապետարաններից՝ յուրաքանչյուր ընտանի կենդանու համար տարեկան 5000 դրամ վճարելու պահանջով։ Կենդանասերները, սակայն, չեն հասկանում՝ ո՞րն է այդ տուրքի իմաստը, երբ մայրաքաղաքում մինչ օրս նույնիսկ հատուկ տարածքներ նախատեսված չեն՝ կենդանիներին մարզելու կամ զբոսանքի տանելու համար:

«Ազատության» զրուցակիցները չէին թաքցնում իրենց վրդովմունքը։

«Թող պատրաստեն դա, հետո մենք գումարը վճարենք»։

«Առայսօր ոչինչ չի արվել թե քաղաքապետարանի, թե պետության կողմից, որ հատուկ պայմաններ ստեղծվեն, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառուցվում են հատուկ դաշտեր, այգիներ, որտեղ դու կարող ես դուրս բերել կենդանուդ, ման տալ հանգիստ»։

«Ինչի՞ համար պիտի մուծեմ էդ 5000, երկու անգամ ընկել, ոտքը ջարդել է, ռենտգենի փող ենք տալիս, անասնաբույժին փող ենք տալիս, իրենց ինչի՞ համար տամ ես 5000 դրամ»։

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ գործակարգավարական խորհրդակցություններից մեկում քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է՝ այդ գումարը կծախսվի կենդանիների համար հատուկ զբոսավայրեր ստեղծելու նպատակով։

«Ազատության» զրուցակիցները, սակայն, քաղաքապետի այդ խոստմանը չեն հավատում.- «Փորձը ցույց է տալիս, որ ինչ հավաքում են, գնում է ինչ-որ մարդկանց գրպանները»։

Ուշագրավ է, որ ընտանի կենդանիների համար տուրք սահմանված է դեռ 1997 թվականին ընդունված օրենքով: Ավելի քան տասը տարի այդ պահանջը չէր գործում, համապատասխան կարգ գոյություն չուներ: Սակայն անգամ 2011-ին այդ կարգը մշակելուց հետո օրենքի այս դրույթը մոռացության էր մատնված և շրջանառության մեջ դրվեց միայն անցած տարեվերջին:

Կինոլոգիական ակումբի նախագահ Ստեփան Զաքարյանը համոզված է, որ եթե սկսեն ընտանի կենդանիների համար տուրքեր պահանջել, շատերը ստիպված կլինեն հրաժարվել, և ավելի շատ կենդանիներ կհայտնվեն դրսում՝ քաղաքային իշխանություններին կանգնեցնելով նոր խնդրի առջև։

«Չկասկածեք, որ եթե էս օրենքը կիրառվի, իրոք շատ կլինեն թափառող շները, որոնք մինչ այդ ունեցել են տեր»,- ասում է Զաքարյանը։

Անահիտ Բախշյանի խոսքով, քաղաքային իշխանությունները հետևողական են այս հարցում, և հայտարարում են, որ խստորեն հետևելու են օրենքի կիրառմանը: «Լավ կլիներ, որ նույն սկզբունքայնությամբ հետևեին նաև ապօրինի շինարարություններին ու կանաչ տարածքների պահպանմանը»,- ասում է ավագանու ընդդիմադիր անդամը:

«Ես այսօր լսում էի [փոխքաղաքապետ] պարոն Արեյանին, ով շատ խիստ խոսում էր ընտանի կենդանիների վարքագծի մասին։ Մտածում էի, որ այս քաղաքում էնքան բաներ են արվում ի հաշիվ բնակիչների առողջության, ու հանկարծ այս տեսակ կատեգորիկ հայտարարություն շների մասին...եթե էս նույն համառությամբ, նույն խստությամբ վերաբերվեն այդ բոլոր ապօրինի կառույցներին և գործողություններին, ինչ հրաշալի բան կլիներ։ Էդ դեպքում շներն էլ հաստատ իրենց տեղը կունենային»,- ասաց Բախշյանը։

Կարդալ մեկնաբանությունները (1)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG