Մատչելիության հղումներ

Հայկական լոլիկն ընդդեմ թուրքականի. Ջերմոցատերերը բողոքում են անհավասար մրցակցությունից


Հայկական լոլիկն ընդդեմ թուրքականի. Ջերմոցատերերը բողոքում են անհավասար մրցակցությունից
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Արարատի ու Արմավիրի մարզերից տասնյակ ջերմոցատերեր էին այսօր հավաքվել Կառավարության շենքի դիմաց։ Եկել էին բողոքելու, պնդում էին, որ մաքսանենգ ճանապարհով ներկրված բանջարեղենը, հատկապես լոլիկը, հայաստանյան շուկաներում տեղականից ավելի ցածր գնով է վաճառվում։ Արդյունքում թանկ ինքնարժեքով ստացված բերքից չեն կարողանում եկամուտ ստանալ։

«Ներկրվածը թույլ չի տալիս, որպեսզի մենք մեր ուզած գնով վաճառենք, որ մենք էլ շահույթ ունենանք, բացի մեր ծախսերից»։

«Բերել են թուրքական ապրանքը, բայց մեր տեղական ապրանքը չենք կարողանում սպառել»։

«Ոչ ասում ենք գազը, ոչ հոսանքը, ոչ ջուրը էժանացրեք, ոչինչ չենք ուզում, մեր խնդրանքը ընդամենը մեկն է, որ Հայաստանի ներկրվի մաքսազերծված լոլիկ»։

«Տեղական 1 կիլոգրամ լոլիկի արժեք պիտի լինի 500 դրամ, բայց իրենք բերում են՝ 500 դրամով են ծախում, էդ ի՞նչ ֆոկուս է»։

Ռազմիկ Համբարչյանը Ղուկասավան գյուղում լոլիկի 2 հեկտար ջերմոց ունի։ 20 աշխատատեղ է ստեղծել։ Հաշվարկում է՝ Թուրքիայում լոլիկի 1 կիլոգրամը 200-300 դրամ է, մաքսազերծման արժեքը՝ 400 դրամ։ Գումարում է ներկրման ճանապարհածախսն ու եզրակացնում.- «Հայաստան են բերում մեծ ավտոներով, բարձում են փոքր ավտոներ, մաքսատան մոտով անցկացնում են, մի 10 հազար, 50 հազար տալիս են մաքսատան աշխատողին, անցնում են»։

Վիճակագրական տվյալներով, Հայաստանում 120 հեկտար ջերմոց կա։ Գյուղատնտեսները համոզված են, որ դա բավարար է ներքին սպառման համար։ Կարող են անգամ արտահանել, ասում են ու անմիջապես ավելացնում՝ այդ հնարավորությունից արտոնյալներն են օգտվում, իրենց համար սահմանին արհեստական դժվարություններ են ստեղծվում։

«Բացի նրանից, որ ներմուծմանն են աջակցում, արտահանման էլ խանգարում են։ Բա մաքսատան աշխատողն ի՞նչ ուտի, մաքսատան աշխատողից մի քիչ վերև կատեգորիան ի՞նչ ուտի։ Տարել եմ, չի ստացվել»,- ասում էր Համբարչյանը։

Ջերմոցատերերի պահանջն հասավ կառավարություն։ Նրանց հետ փակ դռների հետևում հանդիպեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ում ավելի վաղ ցուցարարները քննադատում էին՝ կասկածի տակ դնելով նախարարության արդյունավետությունը։

Գյուղատնտեսները, սակայն, հանդիպումից ոգևորված դուրս եկան, խոստումներ էին լսել։ Կարծում ենք՝ հարցը կլուծվի, ասացին։

«Արդյունքները կերևա երկու օրից, եթե թուրքական ապրանք չմտավ շուկա...»,- ասաց Համբարչյանը։

Ցուցարարները միաժամանակ հիշեցնում են, առաջին անգամը չեն այս ճանապարհով անցնում։ Ամեն տարի գարնանը, երբ շուկա են հանում ջերմոցներից ստացվող բերքը, ստիպված հասնում են Երևան։ Բողոքից հետո հարցը լուծվում է, սակայն կարճ ժամանակով՝ հաջորդ տարի իրենց կրկին կանգնեցնելով նույն խնդրի առաջ։

«Ամեն տարի գալիս ենք, ամեն տարի մեր գնալուց հետո գները կարգավորվում են, ո՞նց է կարգավորվում, չգիտենք, մաքսատան պետն է, թե մի քիչ վերև պետն է, արգելում են 15-20 օր, կարողանում ենք մեր ապրանքը ծախել»։

«Հենց ներկրումը դադարեցնում են, մեր գործերը մի քիչ լավանում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG