Մատչելիության հղումներ

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ոստիկանությանը մեղադրում է «անգործության» մեջ


Հայաստան -- Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Հրաչ Միրզոյանը՝ դանակահարվելուց րոպեներ անց, Գյումրի, 28-ը մարտի, 2015թ․
Հայաստան -- Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Հրաչ Միրզոյանը՝ դանակահարվելուց րոպեներ անց, Գյումրի, 28-ը մարտի, 2015թ․

Վարդան Գերավետյանը պատմեց, որ բռնությունների՝ այդ թվում դանակահարության ողջ ընթացքում ոստիկանները կատարյալ անտարբերություն են դրսևորել:

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության՝ Գյումրիի շաբաթօրյա հանրահավաքին տեղի ունեցած բռնությունների՝ այդ թվում դանակահարության առնչությամբ, նախաձեռնության ակտիվիստներից Վարդան Գերավետյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ տեղի ունեցածի ողջ ընթացքում ոստիկանները կատարյալ անտարբերություն են դրսևորել:

Նա հավելեց, որ իրենց մեքենաներն հետապնդել են անգամ Երևան վերադարձի ճանապարհին, քարեր ու ձվեր նետել: Հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանը:

«Մենք մի քանի անգամ ոստիկանությանը դիմեցինք, որ ապահովվեն մեր հանրահավաքի կարգուկանոնը։ Նրանք բավականին ճեմելով, դանդաղ ման գալով, շատ չուզենալով ինչ-որ գործողություններ էին անում», - պատմեց Գերավետյանը, - «Մեր երիտասարդներից փորձեցին կանխել ձվերի շպրտումը, այդ ամեն ինչը, իջան ներքև: Դրա համար, որպեսզի հանկարծ ընդհարում չլինի, նաև մեր մեծերից իջան, որոնց շարքերում էր նաև Հրաչիկ Միրզոյանը։ Ընդհարման այ այդ պահին այդ տղան շուռ է գալիս ու դանակահարում է Հրաչիկին։ Ընդհանուր պատկերը սա էր, բայց ամենավատը այն է, որ ոստիկանությունն էր անգործություն դրսևորում»:

Գյումրու բժշկական կենտրոնում Հրաչյա Միրզոյանին, ում մոտ դանակահարությունից հետո ներքին արյունահոսություն էր սկսվել, վիրահատել են և հեռացրել փայծաղը։ Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի մասնաճյուղի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հրաչ Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

«Հիմա հիվանդանոցում է, նարկոզից դուրս է եկել, հիմա կաթիլային է միացված։ Վիճակը կայուն է, բայց ասում են ծանր է, որովհետև ահագին արյուն է կորցրել», - նշեց նա:

Արամ Հակոբյանը հաստատեց, որ դանակահարության առիթով Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով։ Ձերբակալվածներ դեռ չկան։

«Թե հետագայում ի՞նչ կանեն, Բերձորի օրինակը մենք ունենք, Պերմյակովինն էլ հետը։ Թե հիմա նորից կփորձեն տուժողին մեղավոր սարքել՝ դա էլ Աստված գիտի: Ասեմ ավելին, տեսանյութերում կա նաև դա, որ այդ տղաներից շատերին ոստիկանությունը բավական բավականին ջերմ բարևում է սկզբնական փուլում, ոմանց հետ նաև ողջագուրվում է», - ասում է Գերավետյանը:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց հանրահավաքների շարքը չեն դադարեցնի, հաջորդը կանցկացնեն Վանաձորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG