Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները, փոխանցում է Հայաստանի ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:

«Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Դեսպան Կասպրչիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG