Մատչելիության հղումներ

«Ժառանգությունն» առաջարկում է հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին


Ռուբիկ Հակոբյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցությունը հրապարակել է կառավարության որոշմամբ ստեղծված և վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ իր առաջարկները՝ նշելով, որ եթե դրանք ընդունվեն, խմբակցությունը պատրաստ է քննարկել և մասնակցել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը:

Ընդգծելով, որ երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարությունը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշում է, որ իրենց խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա:

Այնուհետև Հակոբյանը ներկայացնում է «Ժառանգության» առաջարկները:

1. «Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկազբունքով,

2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ), ովքեր պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամ միություններ,

3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլև օժտված լինի իր գուծունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու և համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով,

4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ,

5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ,

6. Խորհրդին առընթեր ստեծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով,

7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը և մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց,

8. Խորհորդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG