Մատչելիության հղումներ

Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ Երևանում հոբելյանական միջոցառումներ տեղի կունենան


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, Հանրապետության հրապարակում՝ 70 համազարկով հրավառությունով, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին:

Կառավարությունից նաև հաղորդում են, որ տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաև առողջարանների և հանգստյան տների ուղեգրերով:

«Տարվա ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթ»:

«Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», ինչի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում», - մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG