Այսօր Հայաստանի պաշտպանության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ նախարար Սեյրան Օհանյանը նիստի ժամանակ նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարևոր է և արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը: Այս ամենը մեկ անգամ ևս ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: