Մատչելիության հղումներ

Նորաստեղծ վարչապետների ակումբում քննարկվել են սահմանադրական բարեփոխումները


Նորաստեղծ վարչապետների ակումբում քննարկվել են սահմանադրական բարեփոխումները
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Բազմաթիվ հարցերի շուրջ նախկին վարչապետները տարբեր կարծիքներ ունեին:

Նախկին ու ներկա վարչապետների երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում տնտեսությանն առնչվող հարցերից բացի քննարկել են նաև սահմանադրական բարեփոխումների հարցը։

Նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ազատության»-ը պատմեց, որ շատ հարցերի շուրջ վարչապետները համակարծիք չեն եղել, անգամ բանավեճ է եղել։

«Մեկը մի կարծիք ասեց, մյուսը մեկ ուրիշ կարծիք ասեց, շատ հանգիստ, շատ նորմալ: Տնտեսականն էլ ա եղել, սահմանադրական բարեփոխումներն էլ են եղել․ այն, ինչ որ էսօր շատ կարևոր է հանրային կյանքում քաղաքական զարգացումների կոնտեքստում։ Մեզ համար դա է հետաքրքիր», - ասաց Հարությունյանը:

Կառավարության ղեկավարների​ ակումբ ստեղծելու նախաձեռնությունը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է։ Խոսրով Հարությունյանը ասաց, որ սա գործնականում խորհրդատվական մարմին կլինի։

Երեկ նաև պայմանավորվել են․ հանդիպում կարող է հրավիրել վարչապետներից յուրաքանչյուրը, բայց դրանց բովանդակության մասին կարող է խոսել միայն գործող վարչապետը, քանի որ քննարկվող հարցերը նրա վարած քաղաքկանությանն են վերաբերում։

«Հերիք ա էնտեղ մի հատ տեսախցիկ հայտնվեր, էդ ամբողջը փչանալու էր: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է նշանակում հրապարակային քաղաքականություն, ինչ է նշանակում գործնական քննարկումները», - ասաց նախկին վարչապետը:

Այլ մանրամասներ երեկ տեղի ունեցած հանդիպման մասնակիցները չեն ուզում հրապարակել:

Հրանտ Բագրատյանը, ով գործող կառավարության տնտեսական քաղաքականության խիստ քննադատներից է, ասաց, որ հանդիպման ընթացքում ինչ որ մտածում է, դա էլ ասել է։

«Ստրատեգիականը, որն է պրոբլեմը, որտեղ լուծենք, որ չպայթի, չգիտեմ ինչ նոր բան չլինի: Ամեն մարդ ինչ որ բան ասեց: Ես չեմ կարող ասել․ սա արդյունավետության կամ արդյունավետ բանի խնդիր չի էլի: Ոնց որ գնաս տանդ ընթրիք անես, ասես արդյունավետ ընթրիք էր, թե չէ: Կոնկրետ մենք ընթրիք չենք արել, թեյ ենք խմել», - ասաց Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանից և Խոսրով Հարությունյանից բացի երեկ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինս ասաց, որ միայն մի քանի հանդիպումներից հետո կարող է գնահատել վարչապետների ակումբի արդյունավետությունը: Այս անգամ բոլորն արտահայտել են նախկինում բազմիցս հնչեցրած կարծիքները։

«Բնական է, որ տնտեսության հարցերի մասին երբ որ խոսում ես, խոսք է գնում նաև քաղաքականության մասին: Այսինքն, ոչ թե ինշախնություն, ընդդիմություն, այլ քաղաքականությունը դա կառավարման ձևեր են, թե ինչքանով են ազդում տնտեսության վրա: Այդ տեսակետից տեսական միշտ էլ այդպիսի խոսակցություն կարող է լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Վարչապետների ակումբի առաջին նիստին, Խոսրով Հարությունյանի խոսքով, հրավիրվել են բոլոր նախկին վարչապետները. մի քանիսը Հայաստանում չեն, Արմեն Դարբինյանն ու Արամ Սարգսյանն էլ չեն մասնակցել։

Արամ Սարգսյանը հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, որ իր համոզմամբ գործող վարչապետը խայտառակ ընտրությունների և ընտրակեղծիքների, պետական ունեցվածքի փոշիացման և թալանի, օլիգարխիկ և քրեական համակարգի ձևավորման և խրախուսման պատասխանատուներից մեկն է, և որ նախկին վարչապետների հետ հանդիպումը Հովիկ Աբրահամյանի համար ընդամենը PR ակցիա է։

«Հարգանքով վերաբերվելով ՀՀ վարչապետի պետական ինստիտուտին և այսօր հրավերին արձագանքած նախկին վարչապետների անկեղծ մղումներին, բարեկամաբար ասում եմ՝ հանգիստ վայելեք ձեր սուրճն ու թեյը, հուշեր պատմեք միմյանց՝ ո՞վ՝ ու՞մ, ե՞րբ՝ ի՞նչ ասաց, ինչպես փրկեց երկիրը՝ հակառակ բոլորի, ինձ կներեք, ես պարապ չեմ: Եվ վերջապես՝ ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»,-հայտարարել է 1999-2000 թվականներին կառավարության ղեկավար Արամ Սարգսյանը։

Վարչապետների ակումբի նիստին չի մասնակցել նաև Ռոբերտ Քոչարյանը: Խոսրով Հարությունյանի կարծիքով նրան հրավիրելը ճիշտ չէր լինի, նախկին նախագահներն էլ կարող են իրենց ակումբը ստեղծել․ - «Ես, օրինակ, շատ կցանկանայի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG