Պետական այցով Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Չինաստանի հեղինակավոր կրթօջախներից մեկում` Պեկինի համալսարանում:
Հանրապետության նախագահը բուհի բարձրաստիճան հյուրերի սրահում հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չինական բարեկամությանն ու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, համագործակցության զարգացմանը:
Պեկինի համալսարանում այնուհետև կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հայաստանի նախագահին հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության ու իրեն նման պատվավոր կոչման արժանացնելու համար և իր ելույթում ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները, մարտահրավերներն ու հեռանկարները: