Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում մահացել է ադրբեջանական խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված զինվորը


Վիրավորված մյուս երեք զինվորները շարունակում են բուժումը։ Շփման գծում լարվածությունը չի մարում։

Այսօր առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է անցած շաբաթավերջին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված 20-ամյա Սամվել Հակոբյանը։

Նա ադրբեջանական հարձակումից մահացած արդեն 4-րդ զինվորն է։ Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով, բժիշկներն արեցին հնարավորը։

«Նրա վիճակը ի սկզբանե շատ ծանր էր, բայց և բժիշկներն էին անում հնարավորը, և բոլոր աղոթում էին, որպեսզի ինչ-որ մի հրաշք կատարվեր»,- ասաց պաշտոնյան։

Մարտի 19-ին վիրավորված մյուս երեք զինվորները շարունակում են բուժումը։ Մեկը դեռ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Չնայած միջազգային հանրության հորդորներին՝ շփման գծում լարվածությունը չի մարում։ Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ անցած գիշեր հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 140 անգամ, տարբեր տրամաչափի զինատեսակներից ու ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 1700 կրակոց։ ՊԲ-ի հաղորդմամբ՝ այս պահին իրավիճակը վստահորեն վերահսկվում է, զոհեր և վիրավորներ չկան։

Տեղի է ունեցել հարձակում հայկական դիրքերի ուղղությամբ, թե՝ ոչ, Դավիթ Բաբայանի խոսքով, դեռ ճշտվում է, սակայն Ղարաբաղի նախագահի խոսնակն ընդգծում է՝ հակառակորդի կողմից հրադադարի շարունակական խախտման դեպքերը ապացուցում են, որ Բաքուն որդեգրել է ապակառուցողական քաղաքականություն, որով վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը։

«Բաքուն որևէ ձևով չի վերանայում իր ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն ստանում է հակահարված, որոշ ժամանակ լռում է, այնուհետև նորից սկսում է իր գործողությունները և դրանով հետաձգում է հակամարտության կարգավորումը և մեծ վնաս է հասցնում խաղաղությանն ու կայունությանը»,- ասաց Բաբայանը։

Սահմանային լարվածության ֆոնին անցնող շաբաթը առանձնացավ նաև պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ սահմանը անցնելու դեպքով։ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ մարտական դիրքը լքած հայ զինծառայողի հարցով շարունակվում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Անդրանիկ Գրիգորյանի մասին երեկ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ վստահեցնելով, թե հայ զինծառայողը պահվում է միջազգային չափանիշներին համապատասխան, առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG