Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ այցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին


Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան էլ ավելի մեծ թափ է հաղորդում իր ժխտողական քաղաքականությանը:

Նախօրեին Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, թուրքական մամուլը հաղորդում է առաջիկայում սպասվող այդ երկրի արտգործնախարարի, կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների՝ Վաշինգտոն սպասվող այցերի մասին:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն իր ելույթում հայ-թուրքական հարաբերությունների թեման չի շրջանցել:

«Թուրքիան անկեղծ է, իսկ Հայաստանը Թուրքիայի դեմ միջոցառումներ է կազմակերպում», - ասել է թուրք պաշտոնյան:

«Սա դեռ սկիզբն է», - «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Չիչեքի հայտարարությունը, համոզմունք է հայտնում Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ տեղեկացնելով, որ այս օրերին թուրքական կառավարությունը ջանք չի խնայում՝ Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձևի քննարկումը տապալելու ուղղությամբ:

«Սպասում էինք, որ սա պիտի լիներ, գիտեինք, որ եթե այս բանաձևը ներկայացվեր, և ընդհանրապես, 100-ամյակի նախօրյակին թուրքական կառավարությունը պիտի շարունակեր ընդլայներ իր լոբբիստական աշխատանքները ընդդեմ Հայոց ցեղասպանության «Ճշմարտության և արդարության բանաձև»-ի», - ասաց Չուլջյանը:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև է առաջիկայում հայտնվելու ամերիկացի օրենսդիրների օրակարգում։

«Ճշմարտության և արդարության բանաձև» ձևակերպումը ստացած փաստաթուղթը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն, որը պետք է հիմնված լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և դրանց հետևանքների լիակատար ճանաչման վրա:

Վաշինգտոնում տեղի ունեցած «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում Չիչեքը անդրադարձել է նաև այդ բանաձևին:

Նա ընդգծել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար ջանքերում փոփոխություններ չեն եղել, մինչդեռ Թուրքիան առաջվա պես անկեղծ և սրտաբաց է Հայաստանի համար:

«Սակայն դեպքերի 100-ամյակի՝ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ Հայաստանը բարի կամքի դրսևորումներին դրական արձագանքելու փոխարեն իր էներգիան ծախսում է Թուրքիայի դեմ միջոցառումներ կազմակերպելու համար», - ասել է Չիչեքը և կրկնել է պաշտոնական Անկարայի պնդումները․ - «1915 թվականին պատերազմ է եղել տուժել են թե հայերը, թե քրդերը և թե արաբները, և որ Թուրքիան պատրաստ է բացել արխիվները:

«Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, թե ինչու պետք է աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի դրա հեղինակներին», - նշում է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG