Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:
ՀՀ նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:
Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձևավորված փոխգործակցության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում կունենա նաև ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: