Ֆրանսիայում մեկնարկել է Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետաքննությունը, քննիչները սկսել են վերծանել ինքնաթիռի օդաչուների խցիկում տեղադրված սև արկղի՝ ձայնագրիչի տվյալները:
The New York Times-ը հաղորդում է, որ ինքնաթիռի անկման պահին օդաչուներից մեկը խցիկում չի եղել, խցիկի դուռը փակված է եղել և օդաչուն չի կարողացել վերադառնալ կառավարման վահանակի մոտ:
«Նա թակում է խցիկի դուռը, սակայն ներսից պատասխան չկա», - թերթին պատմել է ձայնագրության վերծանմանը ծանոթ քննիչներից մեկը:
Գերմանական Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց ձեռքի տակ որևէ տեղեկատվություն չկա, որը կհաստատեր New York Times-ի վերոհիշյալ հրապարակումը և նշել է, որ այս պահին աղետի առաջնային դիտարկվող վարկածը դժբախտ պատահարն է: Germanwings-ը Lufthansa-ի դուստր ձեռնարկությունն է: Այդ ընկերության Airbus 320 ինքնաթիռը Բարսելոնայից Դյուսելդորֆ էր թռչում: Ինքնաթիռում աղետի պահին գտնվում էր 150 մարդ: