Վրաստանի քաղաքացիների 85 տոկոսը կողմ է երկրի անդամակցությանը Եվրոպական Միությանը: Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի` IRI-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակել է երկրի առաջատար հեռուստաընկերություններից մեկը` «Ռուսթավի 2»-ը:
Հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է նաև երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմնակիցների թիվը փոքր ինչ զիջում է եվրաինտեգրմանը կողմ արտահայտված վրացիների թվաքանակին` կազմելով 75 տոկոս:
Հետազոտության հեղինակները նկատում են, որ վերջին 7 տարիներին Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության աջակցության մակարդակը գրեթե չի նվազել: 2008-ին այս թեմայով անցկացված հանրաքվեի ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ էր արտահայտվել վրացիների 77 տոկոսը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի փորձագետները ցանկացել են նաև պարզել, թե ինչպես են Վրաստանի բնակիչները վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակին: Վրացիների 44 տոկոսը պնդել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն վերջին շրջանում չի նկատվում, 26 տոկոսի համոզմամբ էլ` դրանք վատթարացել են:
Ամերիկացի սոցիոլոգներն իրենց հետազոտության ընթացքում անդրադարձել են նաև Վրաստանի քաղաքական դաշտում տիրող կացությանը: Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» վարկանիշը մեկ տարում կտրուկ անկում է ապրել: Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած քաղաքական ուժի աջակիցների թիվը այս ժամանակահատվածում նվազել է 18 տոկոսով` 54-ից հասնելով 36 տոկոսի: Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման վարկանիշը անփոփոխ է`15 տոկոս: Զգալիորեն աճել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանիշը․ եթե խորհրդարանական ընտրությունները Վրաստանում այս շաբաթ կայանային, ապա «Ազատ դեմոկրատները» կարող էին հավակնել Վրաստանի խորհրդարանի մանդատների առնվազն 10 տոկոսին:
Ի դեպ, Միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով շարքային վրացիները քաղաքական գործիչներից ամենաշատը համակրում են նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: «Նրա աջակցության մակարդակը հասնում է 62 տոկոսի», - պնդում են IRI մասնագետները: