Վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ավելացել է շուրջ 4 անգամ: Ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին Հայաստանի անձնագրից հրաժարվել էին մոտ 550-ը, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի:
Ոստիկանությունում ասում են, որ պատճառը ռուսական օրենսդրության վերջին փոփոխություններն են, որոնք պարտադրում են հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Թեև հստակ տվյալներ չկան, բայց հրաժարվողների մի մասն էլ ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի մասնակիցներն են, որոնք ընտանիքով մշտական բնակության են մեկնում Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանում 2007 թվականից գործող և ժամանակավորապես փակված գրասենյակը այս տարեսկզբից կրկին սկսել է դիմումներ ընդունել Հայաստանի քաղաքացիներից: «Ազատության» այցելության պահին Հայաստանի տարբեր ծայրերից եկած մարդիկ կային գրասենյակի մոտ։
28-ամյա Գևորգ Հակոբյանը երկրորդ անգամ էր դիմում՝ հույս ունենալով, որ այս անգամ կհաջողվի ծնողների և կնոջ հետ Ռուսաստան տեղափոխվել:
«Ես ստեղ ոչ մի կոպեկ չեմ աշխատում, հազիվ գազի, ջրի, լույսի փողն է հերիքում։ Եթե դրսից եկամուտ չունենաս, ստեղ ապրելը հնարավոր չէ։ Վրաստանից առևտուր եմ անում, վատն էն է, որ էնտեղից ինչ-որ մի բան բերում ես, տամոժնին չի թողնում անցկացնես, ասում են՝ սա սրա բիզնեսն է, հնարավորություն չեն տալիս, որ գոնե ժողովուրդը առևտրով կարողանա ընտանիք պահի»,- ասաց Հակոբյանը։
Առատաշեն գյուղի մի բնակիչ էլ, ով նույնպես ուզում էր մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, ասաց, որ հողագործությամբ չի կարողանում եկամուտ ունենալ և ընտանիք պահել, պարտքերն էլ տարեցտարի ավելանում են.- «Վարկ ենք վերցնում, ապրում ենք, տարին 2000 դոլար ավելանում է։ 30 դրամով պամիդոր եմ վաճառում, ինչքա՞ն պետք է վաճառես, որ հողի, ջրի հարկ տաս, տրակտորիստին տաս, վերջում պարտքերը բաժանում ես, պիտի տոկոսով փող վերցնես, որ ձմեռը ապրես։ Գարունը նորից հողի վրա էշություն ենք անում, նորից սկսում ենք պարտքերը փակել, նորից ավելանում, անընդհատ աճ է տալիս»։
Երևանի բնակիչ Արայիկ Ղազարյանը հինգերորդ անգամ դիմելուց հետո ի վերջո դրական պատասխան է ստացել: Գնալու է Խաբարովսկ։
«Պայմանագրի համաձայն՝ որպես վարորդ են գրանցել։ Հանրակացարան, աշխատանք, լրիվ սոցծախսերը իրենց վրա է, մինչև անգամ 2-3 ամիս հետո քաղաքացիություն, որից հետո կերևա ոնց կլինի, էլի»,- ասում էր Ղազարյանը՝ հավելելով, որ այստեղ ևս վարորդ է աշխատել, բայց ստացած աշխատավարձով միան առօրյա ծախսերն է հոգացել: Ռուսաստանում հնարավորությունները ավելի մեծ են, ասում է:
2007 թվականից մինչ այսօր այս ծրագրով ավելի քան 6000 հայաստանցի է Ռուսաստան տեղափոխվելու հնարավորություն ստացել: Նույնատիպ մի ծրագրով էլ մոտ 2000 հայաստանցի 2002-2011 թվականներին մեկնել է Կանադա:
Թեև Հայաստանում որևէ պետական մարմին չունի վիճակագրություն, թե տարեկան քանի ընտանիք է մեկնում այս կամ այն երկիր մշտական բնակության, սակայն յուրաքանչյուր տարի Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկներով մեկնող և չվերադարձող մարդկանց թիվը մոտ 40 հազար է կազմում:
ՄԱԿ-ի բնակչություն հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ եթե ոչինչ չփոխվի, մոտ 10 տարի հետո ժողովրդագրական վիճակը էլ ավելի կվատթարանա։
«Ու մենք կունենանք մոտավորապես 2.5 միլիոնից մի քիչ պակաս բնակչություն Հայաստանում, ավելի մեծ տոկոս կկազմի մեծահասակ տարիքի բնակչությունը»,- ասաց Հայրապետյանը։
Ծնելիության ցուցանիշը ևս տարիներ շարունակ գրեթե նույն է մնում՝ մեկ վերարտադրողական տարիքի կինը անգամ երկու երեխա չի ունենում:
Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, նախկին վարչապետ Տիգրանի Սարգսյանը պարբերաբար քննադատում էր Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը: Գարիկ Հայրապետյանը, սակայն, որևէ քննադատություն այս ծրագրերի վերաբերյալ արդարացի չի համարում և կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնպիսի պայմաններ ապահովի, որպեսզի ընտանիքները չցանկանան դիմել նման ծրագրերի:
«Խնդիրը մեզ մոտ է, մեր դաշտում է, մենք պետք է այդ խնդիրը լուծենք, դա չպետք է կապված լինի այլ երկրներում իրականացվող քաղաքականության հետ։ Նույն հաջողությամբ գոյություն ունի նաև ԱՄՆ-ի «Գրին քարտի» խաղարկությունը, հաստատ տարեկան մի քանի հարյուր ընտանիք ստանում է և տեղափոխվում է Միացյալ Նահանգներ»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը։