Մատչելիության հղումներ

Ցեղասպանությունից փրկված հայերի զավակը պատրաստ է ներել թուրքերին


Միացյալ Նահանգներում բնակվող հայերը վառ են պահում Ցեղասպանությունից փրկված իրենց ծնողների պատմությունները:

Գոհար Անտոնյանը ծնվել ու մեծացել է Վաշինգտոնում, սակայն միշտ սիրել ու փայփայել է իր պատմական հայրենիքի՝ Հայաստանը: Աննկարագրելի դժվարություններով իր ծնողներին հաջողվեց Ցեղասպանությունից մազապուրծ փրկվել. - «Հայրս երեխա էր, սակայն հիշում էր, թե ինչպես էին իր աչքի դեմը սպանել իր ամբողջ ընտանիքին, իսկ մայրիկիս՝ ծնողները փոխանցել էին միսիոներներին, քանի որ համոզված չէին, կկարողանա՞ն արդյոք ինքնուրույն փրկել մայրիկիս կյանքը»:

Տիկին Անտոնյանի խոսքով, իր մայրը միսիոներների հետ Թուրքիայից մեկնել է Սիրիա, այնուհետև Հունաստան և վերջապես տեղավորվել Բեյրութում բացված գերմանացիների մանկատուն, որտեղ ստացել է ավանդական, ինչպես նաև երաժշտական և հոգևոր կրթություն: Թվում էր, ծնողներն այլևս երբեք չեն տեսնի Ցեղասպանության տարիներին կորած իրենց երեխային, սակայն ճակատագիրն այլ կերպ վարվեց: Գոհար Անտոնյանի մայրը վերամիավորվեց ծնողների հետ 8 տարի անց Լիբանանում. - «Պապս այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էր, և մի օր Լիբանանում մնացած տիկնոջից ավետիս է ստանում, որ մայրիկս գտնվել է, որ իրենց դուստրը ողջ է մնացել, ինչից հետո տատիկս և մայրս անմիջապես նավով մեկնում են Նյու Յորքի մոտ գտնվող Էլիս կղզին»:

Սակայն, ներգաղթյալների թույլատրված չափաքանակն արդեն լրացել էր և ընտանիքին չհաջողվեց միավորվել: Գոհար Անտոնյանի տատն ու մայրը Կուբա տեղափոխվեցին, որտեղ ապրեցին երկու տարի:

«Մայրս պատմում էր, որ երբ նա դեռ երեխա էր և Ցեղասպանության տարիներին միսիոներների հետ անապատում էր, նրանք մարդկանց մի խմբի հանդիպեցին, որոնք ջուր ընդհանրապես չունեին և մայրս իր մեկ օրվա ջուրն այդ մարդկանց տվեց՝ փոխարենը նրանցից օրհնանք ստանալով: Մայրս միշտ հավատում էր, որ հենց այդ օրհնանքն է իրեն օգնել կյանքում հաղթահարել բոլոր դժվարությունները: Ի վերջո, երկու տարի անց, պապիկիս հաջողվեց Կուբայից ընտանիքը տեղափոխել իր մոտ՝ Միացյալ Նահանգներ», - պատմում է նա:

Տիկին Անտոնյանի խոսքով, իր ծնողներն այդպես էլ չկարողացան ներել թուրք ժողովրդին. - «Ես հաճախ ասում էի՝ մայրիկ, դու պե՛տք է ներես, ինքն էլ ինձ պատասխանում էր՝ աղջիկս, քո ձեռքը չեն կտրել, դու այդ ցավը չգիտես, մինչև այդ ցավը չզգաս, չես հասկանա»:

Գոհար Անտոնյանի ծնողները չներեցին, սակայն ինքը պատրաստ է ներել և հույս ունի, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը մի օր վերջնականապես կլուծվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG