Մոսկվան ողջունել է Մոլդովայի հարավում գտնվող Գագաուզիայի ինքնավարության ղեկավարի պաշտոնում ռուսամետ գործչի ընտրությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարությունում նշված է, որ Գագաուզիայի ղեկավարի պաշտոնում Իրինա Վլախի ընտրությունը ցույց է տալիս, որ Գագաուզիայի բնակչության մեծ մասն աջակցում է Ռուսաստանի Դաշնության հետ իրենց ավանդական սերտ կապերի հետագա զարգացմանը։
Ընտրություններն անցկացվել են կիրակի օրը։ Ըստ Գագաուզիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Իրինա Վլախը 51 տոկոս է հավաքել։
Ընտրություններից առաջ նա այցելել էր Մոսկվա, հանդիպել Պետդումայի ղեկավարներին, իսկ ընտրությունից հետո ասել էր, թե Գագաուզիան կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի և Քիշնևի միջև։
Այսօր «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում Իրինա Վլախն ասել է, թե Մոլդովայի ապագա զարգացումը տեսնում են որպես Ֆեդերատիվ Հանրապետություն։ Ըստ նրա, Մերձդնեստրը և Գագաուզիան պետք է այդ Ֆեդերատիվ Հանրապետության մաս կազմեն։
«Կարծում եմ՝ մոտ ապագայում դա տեղի կունենա», - ասել է Իրինա Վլախը՝ ընդգծելով, որ միայն ֆեդերացիան կարող է միավորել Մոլդովան։
Գագաուզիան Մոլդվայի հարավում ազգային ինքնավարություն է՝ մոտավորապես 160 հազար բնակչությամբ, կենտրոնը Կոմրատ քաղաքն է։ Գագաուզները թուրքալեզու քրիստոնյաներ են, ինքնավարությունն իր ղեկավարն ունի, խորհրդարանը գործադիր մարմին է, տնտեսական ինքնավարություն ունի, բայց՝ Մոլդովայի կազմում։ Քիշնևին է ենթարկվում ոստիկանությունը, դատարանները, դպրոցները։
Անցյալ տարի Գագաուզիայում հանրաքվե էր անցկացվել, որի արդյունքներով, բնակչության զգալի մեծամասնությունը դեմ էր Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրմանը, և կողմ՝ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին։