Մատչելիության հղումներ

Կրթության ոլորտի պատասխանատուները տարօրինակ չեն համարում այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող երկու հայտնի կրթօջախներում՝ Ալեքսանդր Պուշկինի ու Նիկոլ Աղբալյանի հիմնական դպրոցներում տնօրենների պաշտոնը մորից անցել է դուստրերին: Ավելին՝ նրանք դա օրինակելի են համարում:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զարմանում է, մամուլը վերջերս է անդրադառնալ այս թեմային:

«Երբեք չեմ լսել, որ որևէ բժշկի մոտենա լրագրողը և հարցնի՝ ինչո՞ւ է ձեր զավակը բժիշկ դարձել, շինարարի մոտենա ու էդ հարցը տա: Ես համոզված եմ, որ գալու է օր, որ բոլոր լրագրողները այս հարցն այլևս չեք տալու, և դուք էլ եք խաղաղ լինելու, որ թող լավը լինի այդ տնօրենը», - ասաց Սողոմոնյանը:

Նիկոլ Աղբալյանի թիվ 19 դպրոցում մորը՝ Հասմիկ Ղարիբյանին, փոխարինելու է եկել դուստրը՝ Լիանա Աշրաֆյանը: Կյանքի 42 տարիներն այդ դպրոցում անցկացրած նախկին տնօրենն այժմ աշխատում է դստեր ենթակայության տակ, որպես փոխտնօրեն: Վստահեցնում է, որ դուստրը, մեծանալով մանկավարժի ընտանիքում, կարող է շարունակել իր գործը: «Ազատության» հետ զրույցում նախկին տնօրեն Ղարիբյանն ասաց, որ տնօրենի մրցույթին միայն իր դուստրն էր դիմել

«Ավարտել է համալսարանը և տեղավորվել այդ դպրոցում: Հենց առաջին օրվանից էլ աշխատել է դպրոցում և մեծացել մանկավարժի ընտանիքում: Ո՞րն է էդտեղ քննադատելի և չթույլատրվող ըստ օրենքի», - «Ազատության»-ը փոխանցեց Ղարիբյանը:

Պուշկինի անվան դպրոցում նույնպես տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել և հաղթել է մեկ թեկնածու՝ 20 տարուց ավելի դպրոցը ղեկավարած նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանի դուստր Նատալյա Ստեփանյանը:

Նորընտիր տնօրենը զարմանում է, որ դպրոցը ղեկավարելու իր որոշումը դարձել է քննարկման թեմա, միայն այն պատճառով, որ նախկին տնօրենի դուստրն է: Ասում է՝ ունի պահանջվող 7 տարուց ավելի մասնագիտական փորձը, կրթությամբ էլ իրավաբան է:

«Ո՞ւմ սիրտն ավելի շատ կցավի այս դպրոցի համար, եթե ոչ իմը», -ասում է Ստեփանյանն ու շարունակում, որ տնօրենի պաշտոնի մրցույթին կարող էին նաև հավաստագիր ունեցող այլ մանկավարժներ դիմել․ - «Որևէ այլ մասնակից ինձ հետ մրցույթին չի դիմել: Եթե ես որևէ մեկի տեղը լինեի, ես կդիմեի»:

Թե ինչպե՞ս է ստացվել, որ այս երկու դպրոցներում էլ տնօրենի պաշտոնի միակ հավակնորդները հենց նրանց զավակներն են եղել, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը այսպես է բացատրում․ ամեն ինչ մինչև մրցույթն է արվում՝ մայրիկները հոգում են, որ իրենց դուստրերից բացի որևէ մեկը չդիմի մրցույթին:

«Որովհետև երկրորդը չկա, կա մեկը և նա նշանակվում է: Էդ ամբողջը անչափ ձևական է դարձել», - ասաց Անահիտ Բախշյանը:

Նա պակաս մտահոգիչ չի համարում նաև այն փաստը, որ մի շարք դպրոցների տնօրենների դուստրեր այսօր այլ դպրոցներ են տնօրինում: Վստահ է, որ տնօրեն մայրիկները գործի են դրել «վերևներում» ունեցած իրենց կապերը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, կիսելով Երևանի քաղաքապետարանի իր գործընկերոջ կարծիքը, ասում է՝ ուրախալի է, որ մանկավարժի երեխան ձգտում է շարունակել մոր գործը:

«Երևանյան շուրջ 200 դպրոցներից միայն երկուսում են աղջիկները փոխարինել մայրիկներին», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը, ում դուստրը, նախարարության ենթակայությամբ գործող ճարտարապետության ու շինարարության համալսարանին պատկանող ավագ դպրոցի տնօրենն է:

Այս պարագայում մրցույթ չի հայտարարվում, ռեկտորն է ընտրում տնօրենին:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց իր դուստրը նշանակվել տնօրեն, ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ասաց, որ նա ոլորտում հայտնի է իր առաջադիմությամբ, դասագրքի հեղինակ է, 17 տարվա աշխատանքային փորձ ունի: Առաջարկն էլ ստացել է ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ:

«Այդ պահին, դպրոց ղեկավարելու ցանկություն նա չուներ»,-շարունակում էՀովհաննիսյանը:

«Աղջիկս հավաստագիր էր ստացել և իմ ընկերները բոլորը գիտեին, որ մենք ունենք ցանկություն, որ աղջիկս տնօրեն դառնա, սակայն ոչ այս պահին, որովհետև կար նաև փոքր երեխա և մենք դեռ չէինք պատրաստվում: Բայց առաջարկությունը եղավ ղեկավարության կողիմց և աղջիկս համաձայնվեց», - ասաց Նարինե Հովհաննիսյանը:

Անահիտ Բախշյանը լուրջ չի վերաբերում մրցույթների մասին խոսակցություններին, ասում է՝ դպրոցի տնօրենի պաշտոնը վաղուց դարձել է նշանակովի․ - «Մրցույթին մասնակցում են միայն նրանք, ովքեր վստահ են, որ միակն են լինելու և բնականաբար դառնալու են տնօրեն: Այս պայմաններում ստացվում է այնպես, որ ժառանգաբար այդ պաշտոնը փոխանցվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG