Մատչելիության հղումներ

Ախուրյանում անօթևան ընտանիքների համար կառուցվող շենքերի շինարարությունը կանգնած է


Ախուրյանում անօթևան ընտանիքների համար կառուցվող շենքերի շինարարությունը կանգնած է
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Ախուրյանում 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած 104 ընտանիքների համար կառուցվող շենքի շինարարությունը ձգձվում է արդեն չորս տարի:

Շինհրապարակի հարևանությամբ տնակներում ապրող ախուրյանցիները հիշեցնում են բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդպես էլ չիրականացող բազմաթիվ խոստումները:

Նրանք ասում են, որ վերջին անգամ այստեղ բանվորների տեսել են անցած ամռանը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ շինարարությունն իրականացնող «Գլենդեյլ հիլզ» ընկերության ներկայացուցիչը խոստացավ չորրորդ հարկն ու տարիքապատումն ավարտել մինչև նոյեմբեր:

Առայսօր, սակայն, շենքերն առանց տանիքի են, և կիսակառույցը աստիճանաբար քայքայվում է անձրևի ու ձյան տակ:

«Շենքերը փչանում են, քայքայվում են: Քար ու ավազ է․․․ Բլոկներով շարած պատեր են, քայքայվում են», - ասաց այդ շենքում բնակարանի սպասող մի կին:

Անօթևաններից տիկին Լենան հերթական նամակն է ուղարկել վարչապետին՝ պարզելու, թե երբ է ավարտվելու շինարարությունը: Ստացել է ոչ այնքան հուսադրող պատասխան․ - «Համոզիչ նամակ չէ: Որովհետև գրած է՝ նախատեսված է: Էգուց կարող է ասեն՝ չէ, գումարներ չունենք, ու սառեցնեն: Արդեն հինգերորդ տարին է․․․2014 թվականի օգոստոսից կանգնած է այս շինարարությունը»:

Մարզային ու համայնքային պաշտոնյաները տեղյակ չեն, թե երբ են վերսկսվելու շինարարական աշխատանքները: Իսկ «Գլենդեյլ հիլզ» ընկերություներից «Ազատության» բանավոր հարցմանը պատասխանեցին, թե աշխատանքները վերսկսվելու են մինչև գալիք հունիսը:

Իրենց բնակարաններին սպասող ախուրյանցիներն ասում են, որ վրդովված են: «Ի՞նչ կառավարություն: Կառավարություն որ լիներ, 27 տարի․․․ ընդամենը 104 բնակարան էր, երեք հատ շենք: Բայց այդ խոստումները ստից են, ժողովրդին խաբելու համար: Հույսով ապրելով․․․ մինչև մեռնենք․․․», - ասաց նրանցից մեկը:

Իսկ նրա բախտակից կանանցից մեկը հավելեց․ - «2011 թվից սկսել են․․․ 2-3 հատ շենքի եղածն ի՞նչ է․․․ պետությո՞ւն է բա, ղեկավարությո՞ւն է բա: Ամոթ նույնիսկ չկա՞․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG