Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետները իրատեսական չեն համարում ԵՏՄ միասնական արժույթի ստեղծումը


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին խոսել է միասնական արժութային միություն ստեղծելու մասին:

Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի՝ Եվարսիական տնտեսական միության երկրների միջև միասնական արժութային միություն ստեղծելու առաջարկը ավելի շատ քաղաքական, քանտնտեսական հայտարարություն էր, կարծում են երևանյան փորձագետները:

Երեկ Աստանայում եվրասիական եռյակի՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հանդիպման ժամանակ Պուտինն արդեն երկրորդ անգամ է կարևորել միասնական արժույթի ստեղծումը՝ հավելելով, որ«ուս ուսի տված աշխատելով»՝ ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսավորման տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել միացյալ շուկան:

Քաղաքագետ Արամ Սաֆարյանի կարծիքով՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից պաշտպանվելու համար են երկրները ընտրում այս ճանապարհը, այդուհանդերձ, ԵՏՄ-ին կողմնակից քաղաքագետ Սաֆարյանը պնդում է, որ այսօր միասնական արժույթի ստեղծման գաղափարը իրատեսական չէ:

«Հրատապ դատողություններ անել եվրասիական միասնական տարադրամի ստեղծման մասին այսօրվա տնտեսական դժվարությունների տեսանկյունից ուղղակի ծիծաղելի է, ճիշտ չի, որովհետև երկարաժամկետ առումով դա, իհարկե, արդարացված և տնտեսագիտական բացատրություն ունեցող գործընթաց է», - ընդգծեց Սաֆարյանը:

Միասնական արժութային միություն Պուտինը պատրաստվում է ստեղծել միայն Ղազախստանի և Բելառուսի հետ: Ամեն դեպքում, իր խոսքում Ռուսաստանի նախագահը չի հիշատակել ԵՏՄ-անդամ Հայաստանին:

Ռուսաստանյան «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովը ասել է, որ միասնական արժութային միությունը կարելի է ստեղծել աստիճանաբար և սկզբնական փուլում դրան կարող են անդամակցել դաշինքի ոչ բոլոր երկրները:

Տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը կարծում է, որ ռուսական կողմն այդպիսի հայտարարություններ անելով՝ առաջին հերթին նկատի ունի Բելառուսին: Իսկ Հայաստանի անունը չի հիշատակվում այն պատճառով, որ ռուսական բիզնես միջավայրում շատերը գուցե չգիտեն էլ, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է:

«Եթե հարցնեք գործարարներին, կտեսնեք, թե ինչ խնդիրների են բախվում մաքսազերծման՝ երբ Ռուսաստան առաքում են բեռներ: Էնտեղ մի փոքր դանդաղկոտություն կա, և մինչ այդ ցանկալի է, որ Ռուսաստանը և Բելառուսը կյանքի կոչեն էն պայմանավորվածությունները, որ գրեթե երկու տասնամյակ է ունեն՝ միասնական պետություն, միասնական արժույթ, որից հետո դա կարող է ընդլայնվել՝ Ղազախստան ներառել, Հայաստան և այլն», - ասաց Մանասարյանը:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ևս պնդեց, որ Պուտինի հայտարարությունը ներքին սպառման համար էր: Ըստ նրա, այն էկզոտիկ էր և տնտեսության հետ առհասարակ կապ չուներ, իսկ այն, որ Պուտինն իր խոսքում չհիշատակեց Հայաստանը, օրինաչափ էր:

«Հայաստանը փաստորեն չունենալով որևէ հաղորդակցություն այդ, այսպես կոչված, միության անդամ որևէ երկրի հետ՝ պարզապես դուրս է մնում այդ բոլոր գործընթացներից: Հայաստանի ցանկացած տիպի ներգրավում ուղղակի կկրի արհեստական բնույթ և չի աշխատի», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Արևմուտք-Ռուսաստան սրված հարաբերություններ են ստիպում են Ռուսաստանին դիմել այս քայլին, կարծում են քաղաքագետներն ու տնտեսագետները՝ հավելելով սակայն, որ հնարավոր չէ արհեստականորեն արագացնել միասնական արժույթ ստեղծելու գործընթացը:

Եվրոյի օրինակը հիշեցնելով՝ տնտեսագետները շեշտում էին, որկես դար պահանջվեց որպեսզի այն շրջանառության մեջ մտնի, ընդ որում, մինչև օրս Եվրամիության ոչ բոլոր երկրներն են մտել եվրոյի գոտի:

Մանասարյանը պնդում է, թե վաղաժամ է խոսել ԵՏՄ միասնական արժույթ ստեղծելու մասին, քանի դեռ երկրները չեն համապատասխանեցրել իրենց դրամավարկային, հարկային, արտաբյուջետային քաղաքականությունները․ դրա սկիզբն անգամ չի երևում:

Ղազասխատնն ու Բելառուսը չեն ընդունի Ռուսատանի այս առաջարկը, վստահեցնում է փորձագետ Մեհրաբյանը: Միասնական արժույթը ենթադրում է մեկ կենտրոնական բանկ, որն էլ վստահաբար պետք է վերահսկի ռուսական կողմը: Մինչդեռ, ըստ տնտեսագետի, ոչ մի բանական մարդ այսօր չի կարող վստահել իր երկրի տնտեսությունը ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված Ռուսաստանին: Իսկ ԵՏՄ-ում ոչ նպաստավոր պայմաններում հայտնված Հայաստանը գոնե հիմա պետք է ստեղծված իրավիճակում փորձի շահեկան լուծումներ գտնել:

«ԵՏՄ-ում տեղի են ունենում գործընթացներ, որոնք Հայաստանին ուղղակի դուրս են դնում այդ այսպես կոչված միությունից, որը Հայաստանի պարանոցից կախված բեռ է, սակայն այլ է հարցը, թե Հայաստանը ինչքանով կկարողանա օգտագործել այդ հնարավորությունը», - նշեց փորձագետը:

ԵՏՄ-ի երեք երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը ակնկալվում է մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Հայաստանի նախագահի մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG