Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պահպանում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Բրյուսել, 19 մարտի, 2015թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Բրյուսել, 19 մարտի, 2015թ.

Եվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները թողնում է ուժի մեջ և դրանք մեղմելու կամ խստացնելու հնարավորությունը կապում է Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված Մինսկի համաձայնության կատարման հետ։

Այդ մասին երեկ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Ռուսաստանի պաշտպանական, ֆինանսական և էներգետիկ համակարգերի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը սպառվելու է այս տարվա հունիսին և դրանք երկարաձգելու հարցը կքննարկվի հուլիսին կայանալիք գագաթնաժողովում, սակայն հարցը մինսկյան համաձայնության հետ կապելով, Եվրամիությունը գործնականում երկարաձգում է պատժամիջոցները մինչև դեկտեմբեր, քանի որ, ըստ Մինսկի փաստաթղթի, Կիևը կարող է լիովին հսկողության տակ առնել Ռուսաստանի հետ պետական սահմանը մինչև տարեվերջ։

Տուկսը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է հարկ եղած դեպքում կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ։ Այսօր խնդրին է անդրադարձել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։

«Ուկրաինայի հարցում մեր օրակարգը շատ պարզ է, մենք պետք է հստակ նկատել տանք, որ պատժամիջոցները կշարունակվեն մինչև մինսկյան համաձայնությունների ամբողջական իրագործումը։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր, որովհետև Մինսկի համաձայնության կատարումից հետո են ռուսների համար սկսվելու ամենադժվար բաները, շատ կարևոր է, որ դադար չլինի, քանի դեռ համաձայնության իրագործումը չի ավարտվել»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Նշենք, որ Եվրամիության կազմում որոշ երկրներ ունեն Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում և առաջարկում են եթե ոչ չեղյալ հայտարարել, ապա գոնե թուլացնել պատժամիջոցները։

Ըստ «Բլումբերգ» հանդեսի, դրանց թվում են Ավստրիան, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան և Սլովակիան։

Սակայն Լեհաստանը, Բալթյան եռյակը և ծանրքաշայինները նման մոտեցումը մերժում են։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ Ուկրաինայի հարցը կարելի է լուծել միայն Մինսկի համաձայնությունը կատարելու միջոցով։

«Ռուսաստանի շահն այն է, որ Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, Եվրոպայի շահն է` Ռուսաստանի հետ վարել երկխոսություն, քանի որ դա մեծ տերություն է, Ուկրաինայի շահն է` երաշխավորել տարածքային ամբողջականությունը»,- ասել է Օլանդը։

«Միամտություն է կարծել, թե կարելի է միասին ընթրել, մեկ գավաթ գինի ըմպել և լուծել բոլոր հարցերը, արտաքին քաղաքականությունը ոչ միայն անձնական հարաբերությունների, այլև իրականության, հավակնությունների և շահերի հարց է»,- ավելացրել է Ֆրանսիայի ղեկավարը։

Արձագանքելով Բրյուսելից ստացված լուրին, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ապակառուցողական է համարում պատժամիջոցների գործիքը։

«Մեր օրակարգում այդ թեման չկա, մենք գերադասում ենք զբաղվել կառուցողական, այլ ոչ է ապակառուցողական հարցերով։ Ռուսաստանի Դաշնության բոլոր պատասխան քայլերը բխելու են բացառապես ազգային շահերից, նախագահն այդ մասին բազմիցս է ասել»,- հայտարարել է Պեսկովը։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) փոխարտգործնախարարների հանդիպումը։

«Հաշվի առնելով վիճակի սրությունը, հանդիպման մակարդակը կարող է ավելի բարձր լինել»,- հայտնել է Լավրովը։

Մինչդեռ, հասունանում է մի լուրջ բարդություն` հոլանդական մամուլը հայտնել է, որ ըստ նոր ապացույցների, անցյալ տարվա հուլիսի 17-ին մալազիական «Բոինգը» այնուամենայնիվ վայր են գցել ռուս անջատականները` ռուսական արտադրության «ԲՈԻԿ» տեսակի «երկիր-երկինք» հրթիռով։

Հիշեցնենք, որ այդ ողբերգության հետևանքով սպանվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները` 298 մարդ։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն արձագանքել է, թե անհրաժեշտ է անցկացնել անաչառ և թափանցիկ հետաքննություն և ապատեղեկատվություն չտարածել։ Արևմուտքը և Կիևը պնդում են, որ օդանավը ռուսներն են ոչնչացրել։

Ուկրաինայի արևելքում մոտ մեկ տարի տևող հակամարտության ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է ավելի քան 6000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG