Մատչելիության հղումներ

Պերմյակովին հայկական կողմին հանձնելու ԱԺ հայտարարության նախագիծը մերժվեց


Պերմյակովը, Պուտինն ու «Բարբի» տիկնիկը. բանավեճ ԱԺ-ում
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժեց Գյումրիի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու խորհրդարանի հայտարարության նախագիծը։ Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը մի շարք փաստերով փորձեց ներկայացնել, թե ինչու պետք է փաստաթուղթը հայտնվի լիագումար նիստի օրակարգում, սակայն, ներկաներին չհամոզեց։ Ավելին, Փոստանջյան-Գագիկ Ջհանգիրյան հարց-պատասխանը վերածվեց բանավեճի։

ՀԱԿ պատգամավորը հղում անելով Սահմանադրությանն ու հայ-ռուսական միջպետական պայմանագրերին պնդեց՝ նախագծով թյուրիմացության մեջ են գցում Ավետիսյանների հարազատներին։

«Ոչ, թյուրիմացության մեջ չենք գցում, թյուրիմացության մեջ դուք եք փորձում գցել», - արձագանքեց Փոստանջյանը:

Բանավեճն այսքանով չավարտվեց։ Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց, թեինչու է Փոստանջյանը նախագծում նշել, որ սահմանապահ զորքերը ապօրինի են սահմանախախտ Պերմյակովին տեղափոխել ռուսական ռազմաբազա: Իր՝ Ջհանգիրյանի համոզմամբ, այս պահին հայտնի փաստերով ռուս իրավապահները միջպետական պայմանագրերը խախտող որևէ գործողություն թույլ չեն տվել։

«Ռուսաստանի սահմանապահ զորքերը էստեղ ինչ իրավասություն ունեին մարդ ձերբակալելու: 102-րդ ռազմաբազայի ծառայողները չեն նույնիսկ իրեն ձերբակալել, այլ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները: Այսպես է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ», - ընդգծեց Փոստանջյանը:

Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի Զարուհի Փոստանջյանի այս նախագծին․ - «Զարուհի ջան ես կողմ եմ քվեարկելու որ դու մենակ չմնաս»:

Հարակից զեկուցող, Հանրապետական Լևոն Մարտիրոսյանը նախագծի դրույթները քննարկելու փոխարեն կասկածի տակ դրեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատասխան է ստացել Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղված իր նամակին։ Անգամ հիշեց խորհրդային տարիներից հայտնի պատմությունը, երբ «Բարբի» տիկնիկ ցանկացող աղջիկը նամակով դիմել էր Գորբաչովին։

«Ստացավ իր իսկ նամակը հետ՝ տարբեր վիզաներով, մակագրություններով, բայց «Բարբի»-ն չստացավ, հիմա Դուք ստացե՞լ եք ինչ-որ պատասխան «Բարբի»-ի տեսքով», - հարցրեց Մարտիրոսյանը:

«Ձեր հումորը տեղին չէ, եթե Դուք իրազեկ չեք և այս խնդրով հարակից զեկուցող եք, ավելի ամոթ Ձեզ, որ նման «Բարբի»-ների օրինակներ եք բերում», - արձագանքեց Փոստանջյանը:

Փոխադարձ վիրավորանքներից խուսափելու համար հանձնաժողովի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը Զարուհի Փոստանջյանին առաջարկեց ժամանակավորապես հետ վերցնել հայտարարության նախագիծը՝ վերամշակելու համար։

Հանձնաժողովի որոշ անդամներ ընդունում էին, որ հունվարի 12-ին տեղի ունեցած սպանությունից մինչև այսօր բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել, անհասկանալի է, թե ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը, ինչպես է դեպքի վայրից հիմնական մեղարդվողը միջգյուղական տարածքներով կտրել 17 կիլոմետր ճանապարհ ու ընկել ռուս սահմանապահների ձեռքը։

Զարուհի Փոստանջյանը համաձայնեց ժամանակավոր հետ վերցնել նախագիծը, սակայն պայմանով, որ այն կրկին քննարկվի հանձնաժողովի շրջանակում։ Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մերժեց այդ մոտեցումը, նշելով, որ իրենք նախապայմաններով չեն առաջնորդվում։

Արդյունքում հանձնաժողովն անցավ քվեարկության, որի ընթացքում, ի դեպ, 5 հանրապետականներն էլ ձեռնպահ քվեարկեցին, սակայն նախագծին կողմ արտահայտվողները թվով ավելի քիչ էին, ուստի և այն մերժվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG