Մատչելիության հղումներ

Մայրը և դուստրը մի քանի տարի ապրել են հաշմանդամության 18 հազար դրամ եկամուտով


22-ամյա աղջիկը հյուծվել է և այժմ կշռում է 40 կիլոգրամ:

Երևանում բնակվող հաշմանդամություն ունեցող տիկին Սիլվան ու նրա 22-ամյա դուստրը անելանելի դրության մեջ են հայտնվել․ մի քանի տարի առաջ կորցրել են իրենց օգնող հարազատներին և մնացել մոր 18 հազար դրամ թոշակի հույսին: Մայրն ասում է, որ մոտ մեկ տարի միայն հաց ու թեյ են կարողացել գնել՝ ուսանող աղջիկը հյուծվել է այնքան, որ այսօր արդեն բուժման կարիք ունի․ 165 սանտիմետր հասակով կշռում է մոտ 40 կիլոգրամ:

«18 հազարով ես չգիտեի՝ իմ դեղերը գնեի, թե սնունդ առնեի երեխայի համար, ինձ համար: Երկար ժամանակ հացով, բուլկիով թեյով լրիվ հյուծվեց, էն աստիճանի հյուծվեց, որ հիմա ուժ չունի, որ անգամ տանից դուրս գա: Բժշկական դիագնոզով դա կոչվում է կախեքսիա, այսինքն՝ հյուծվածության լուրջ աստիճան, որտեղ մկանները հյուծվում են ահավոր ձևով: Ես էս վիճակում, հույսս երեխաս էր, որ կավարտի, կաշխատի, իր խնդիրները կլուծի, մի բան էլ դեռ ինձ կօգնի, բայց, ցավոք սրտի, էսպես եղավ: Պարզապես երկարատև երեխան մնաց սննդից խիստ անբավարար վիճակում», - պատմեց տիկին Սիլվան:

Եթե հիվանդության սկզբնական շրջանում աղջկան հնարավոր կլիներ բուժել միայն բավարար և որակյալ սնունդ ապահովելով, ապա հիմա նաև թանկարժեք դեղեր են անհրաժեշտ:

«Դրանք գնելու հնարավորություն չունենք», - ասում է մայրը, ում խոսքով որևէ պետական ատյան չի արձագանքել իր օգնության խնդրանքներին՝ մատնանշելով աղջկա չափահաս լինելը:

«Էդ քար լռության ասեմ, քար սրտության՝ թե նա չափահաս է: Չափահաս է, ձեռքից գնում ր, ոսկորներ է մնացել, ձեռքերը սևանում են դաստակից մինչև եղունգները: Իմ նպատակը նա չէ, որ ես և երեխաս մեկընդմիշտ օգնությունների վրա հիմնվենք, պարզապես ջահել երեխան պետք է էդ վիճակից դուրս գա, որ կարողանա ինքը աշխատի», - «Ազատության» հետ զրույցում ասաց 22-ամյա աղջկա մայրը:

Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Րաֆիկ Մարտիրոսյանն ասում է, որ իրենց բարեգործական ճաշարաններ այցելելու համար վերջին տարիներին ավելի շատ երիտասարդներ են դիմում: Հիմնականում կամ գործազուրկ են, կամ այնքան քիչ են վարձատրվում, որ չեն կարողանում հոգալ իրենց տարրական կարիքները:

«Կարիքը ավելի շատ երիտասարդացել է: Կան երիտասարդներ՝ միջին տարիքի, և անգամ երեխաներ: Այդ ընտանիքները ընդգրկվել են պայմանով, որ եթե մեծահասակը դիմի, կխնդրենք ձեզ, որ դուք զիջեք ձեր տեղը մեծահասակին, քանի որ այս ճաշարանները հիմնականում մեծահասակների համար են», - նշեց Րաֆիկ Մարտիրոսյանը:

Պաշտոնական տվյալներով այսօր աղքատության մեջ է ապրում Հայաստանի բնակչության մոտ մեկ երրորդը, չնայած Կառավարության ծրագրերին, տարիներ շարունակ այս ոլորտում էական բարելավում չի գրանցվում:

Կարդալ մեկնաբանությունները (2)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG