Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև ԵԺԿ-ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

«Օգտվելով առիթից, հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի Նախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով, որ հայ ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ է կպարունակի և կլինի «Այլևս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու իր հրավերն ընդունելու և այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG