Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ ծրագիրը


Կարսում ազդարարվեց Տրանսանատոլիական գազատարի կառուցման մեկնարկը
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Երեկ Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները ազդարարեցին Հայաստանը շրջանցող ևս մեկ էներգետիկ ծրագրի` Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության մեկնարկը:

Նախատեսվում է, որ Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կմատակարարվի Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Նախնական հաշվարկների համաձայն TANAP-ի շինարարությունը ավարտին կհասցվի 2019 թվականին, և այն տարեկան առնվազն 16 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու հնարավորություն կստեղծի:

TANAP-ի մյուս առանձնահատկությունն այն է, որ հիմնական շինարարությունն ընթանալու է Թուրքիայի տարածքում, ինչը որոշակիորեն կկրճատի թե՛ ծրագրի արժողությունը, և թե՛ շինարարության տևողությունը:

«Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքում մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը Շահ Դենիզ հանքավայրից, գազի հետ միասին, նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային», - երեկ Կարսում հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս գազատարի շինարարությամբ Թուրքիան հույս ունի միաժամանակ երկու խնդիր լուծել` մի կողմից բավարարել սեփական սպառողների` տարեցտարի աճող պահանջարկը, մյուս կողմից դառնալ երկնագույն վառելիքի վաճառքով զբաղվող հիմնական միջնորդ պետություններից մեկը:

Իլհամ Ալիևի համոզմամբ TANAP-ի շինարարությունը կարող է ապահովել եվրոպական էներգետիկ շուկայի երկար սպասված բազմազանացումը:

«Սա մի ծրագիր է, որի իրագործման դեպքում Շահ Դենիզում արդյունահանված ադրբեջանական գազը վառելիքի նոր աղբյուր է դառնում ողջ Եվրոպայի համար», - հայտարարում էր Ալիևը:

TANAP-ի շինարարությունից Վրաստանը ևս լուրջ տնտեսական օգուտներ է ակնկալում: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով նախագծի իրականացման ընթացքում կընդլայնվեն Վրաստանով անցող խողովակաշարերը, կարդիականացվեն երկաթուղային և նավահանգստային ենթակառույցները:

«Կարևոր է, որ հարավ-կովկասյան խողովակաշարի ընդլայնումը Շահ Դենիզ նախագծի երկրորդ փուլի բաղկացուցիչ մասն է: Այս ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը մի քանի տասնյակ միլիարդ դոլար է կազմելու: Վրաստանն, օրինակ, ուղղակի արտաքին ներդրումների տեսքով TANAP-ի շինարարության ընթացքում 2 միլիարդ դոլար կստանա», - հայտարարում էր Մարգվելաշվիլին` հատուկ ընդգծելով, որ TANAP-ի շահագործումը չպետք է սահմանափակվի եռակողմ ձևափաչափով:

«Էներգետիկ ոլորտում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը լավ հիմքեր է ստեղծում, որպեսզի հետագայում Կասպիական տարածաշրջանի այլ պետությունների հետ ևս ավելի համապարփակ բանակցություններ անցկացվեն խնդրի շուրջ: Դա հնարավորություն կտա մեզ կենտրոնանալ հստակ ծրագրերի վրա: Ակնհայտ է, որ համագործակցության խորացումը խիստ կարևոր է հատկապես տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև էներգետիկ կարողությունների ամբողջական օգտագործման տեսնակյունից», - հայտարարում էր Մարգվելաշվիլին` փաստորեն ակնարկելով TANAP-ին նոր պետությունների հնարավոր մասնակցության հավանականության մասին:

Խոսքը, նախևառաջ, Թուրքմենստանի մասին է: Թերևս հենց Աշխաբադի մասնակցության հնարավորությունը հաշվի առնելով է, որ TANAP-ի նախագծողները նշում են` խողովակաշարի տարողունակությունը կարող է կրկնապատկվել տարեկան 16 միլիարդ խորանարդ մետրից հասնելով 31 միլիարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG