Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի խոսքերը ժողովրդավարության վերաբերյալ


ԲՀԿ-ն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի խոսքերը ժողովրդավարության վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հրաժարվում են մեկնաբանել Հայաստանի նախագահի՝ «Եվրանեսթում» հնչեցրած ելույթը Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակ Վահան Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ կուսակցությունն առայժմ չի անդրադառնա նախագահի այդ ելույթին։

Ընդամենը մեկ ամիս առաջ քաղաքական դաշտը մաքրելու ցանկություն հայտնած Սարգսյանը խստորեն քննադատեց իր նախկին կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ-ի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ նրան չարիք երկրի համար։ Նախագահի ելույթից կարճ ժամանակ անց Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։ Շատերը սրա համար մեղադրեցին նախագահին՝ պնդելով, որ Ծառուկյանին պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ։ Քննադատները նշում էին, որ ժողովրդավարական երկրի նախագահը նման բան իրեն չէր կարող թույլ տալ։ Եվ ահա ներքաղաքական կոշտ վերադասավորումներից հետո Սերժ Սարգսյանը եվրոպացի պատգամավորների առջև խոսում է Հայաստանի ժողովրդավարական ներկայի ու ապագայի մասին։

Սերժ Սարգսյանը նշել էր, թե Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է. - «Մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել և իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»։

Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն հասցրել են քննադատել Սարգսյանին՝ նրան հիշեցնելով, որ իր կառավարման պայմաններում խոսել ժողովրդավարությունից, նշանակում է ստել։

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը խուսափում է ժողովրդավար մոդելի ներդրումից: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժի նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, քաղաքական ուժի ներկայացուցչին ասել են, որ՝ դու իրավունք չունես զբաղվել քաղաքականությամբ: Դա նաև հասկացրել են այլ քաղաքական ուժերին, որ դուք բոլորդ պետք է ենթարկվեք մեկ քաղաքական ուժին և մեկ քաղաքական ուժի առաջնորդին: Բռնությունները քաղաքական ուժերի նկատմամբ ակնհայտ են», - ասում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով ԲՀԿ-ի հետ կատարվածը:

Զարուհի Փոստանջյանին զայրացրել է նաև Սերժ Սարգսյանի՝ հավաքների ու խոսքի ազատության վերաբերյալ պնդումները, պատգամավորը մատնացույց է անում հավաքների մասնակցելուց հետո ազատազրկվածներին։

Թե Փոստանջյանը, թե ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում են նաև անցած երեք ամսում ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ հենց Մանուկյանի, ակտիվիստների, իշխանափոխություն պահանջող ազատամարտիկների նկատմամբ ծեծն ու բռնությունը։

«Էս մարդկանց համար՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը թքած, բայց մակերեսի վրա կարող են սիրուն բառեր ասել, այսինքն թույնը ոսկե թղթերով փաթաթել և ներկայացնել աշխարհին։ Ոչ մեկը չի ուտի այդ թույնը»,- ասաց Մանուկյանը՝ ծաղր որակելով Սարգսյանի ելույթը։

ՀԱԿ-ի ներկայացուցիչը շեշտում է՝ շատ եվրոպացի պատգամավորներ միևնույն է՝ տեղյակ են Հայաստանի ժողովրդավարական նկարագրին ու հեգնում են Սարգսյանի ելույթը։ Ստեղծված իրավիճակն, ըստ Մանուկյանի, իր արտացոլումը կգտնի միջազգային կառույցների զեկույցներում։

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մինչդեռ, «Ժառանգության» և ՀԱԿ-ի մոտեցումների հետ համաձայն չէ, հատկապես «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ ճնշումների հարցում։

«Կարծում եմ, որ միանգամից շրջել ու դարձնել ժողովրդավարության հարց, միանշանակ այդպես չէ։ Հետաքրքիր է, որ այդ մասին չեն խոսում ԲՀԿ-ի անդամները, խոսում են կողքից նրանք, ովքեր ԲՀԿ-ի մարմնի վրա ապրում էին։ Այս առումով ուղղակի նույնականացնել այն, ինչ եղավ ԲՀԿ-ի հետ մի ասպեկտով, այդպես չէ։ Այնտեղ կար բազմագործոն մի համակարգ, և ԲՀԿ-ն ինքը գնաց այդ ճանապարհով»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը շեշտում է, որ ժողովրդավարության, հատկապես մամուլի ազատության առումով, որոշակի դրական փոփոխություններ կան։Այլ բան է, որ դրանք բավարար չեն. Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը կօգնի այս հարցում, հույս ունի պատգամավորը.- «Ամբողջը սև չէ և որոշ փոփոխություններ առկա են, սրանում ես համաձայն եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG