Մատչելիության հղումներ

Կրթության փորձագետը կասկածի տակ է առնում վարկային միջոցների ծախսման արդյունավետությունը


Ինչպե՞ս են ծախսվում կրթության որակի բարձրացմանը տրամադրվող միլիոնները
please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00

Ինչպե՞ս են ծախսվում կրթության որակի բարձրացմանը տրամադրվող միլիոնները

30 միլիոն դոլար՝ 5 տարվա ընթացքում կրթության որակը բարելավելու համար: Սա Համաշխարհային բանկի կողմի տրամադրված վարկային արդեն 4-րդ ծրագիրն է: Կրթության որակի համար պատասխանատու կառույցներից մեկի՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն «Ազատության» հետ զրույցում կասկած է հայտնում, որ այս գումարները նպատակային են ծախսվում:

Դեռ 1997-ի առաջին վարկային ծրագրով դպրոցները պետք է ինքնավար դառնային՝ ենթարկվելով, ոչ թե մարզպետներին, այլ դպրոցի կառավարման խորհրդին: Բախշյանը համարում է, այս ուղղությամբ ծախսված գումարները նպատակային չեն եղել, ծրագիրն էլ ձախողվել է։

«Օրենքում գրվեց մի բան, օրենքից բխող ստորադաս՝ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ գրվեց հակառակը»,- ասում է Բախշյանը։

Երկրորդ վարկային ծրագրով, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պնդմամբ, պետք է կայանային ավագ դպրոցները: Ըստ Բախշյանի, մինչդեռ, մինչև այսօր նախամասնագիտական կրթությունն պատշաճ չի կազմակերպվում, չի թուլացելնաև կրկնուսույցների ինստիտուտը։

«Ես Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն եմ ու ուզում եմ պաշտպանել, բայց նաև քաղաքացի եմ և տեսնում եմ՝ ավագ դպրոցը իր ռազմավարությամբ սահմանված հայեցակարգային կետերին չի համապատասխանում»,- նշեց Բախշյանը։

Իսկ վարկային չորրորդ ծրագրում նշվում են կետեր, որոնք արդեն պետք է լուծված լինեին նախորդներով.- «Շատ բաներ կրկնվում են, վերապատրաստումները, ավագ դպրոցների կահավորում, կրթական ծրագրերի լրամշակումներ... ծախսվել է ավելի շատ փող, բայց արդյունքը այդ գումարի համապատասխան չենք ստանում։ Այդ գումարով՝ խելացի, արդյունավետ կառավարման դեպքում կարելի էր ավելի լավ արդյունք ունենալ»,- ասաց Բախշյանը։

Բոլոր այս վարկային ծրագրերի միակ հաջողությունն, ըստ Բախշյանի, կրթության որակի համապատասխանեցումն է բոլոնյան համակարգին: Կրթության թիվ մեկ որակը լավ ուսուցիչն է, ասում է Բախշյանն ու հավելում, որ Մանկավարժական համալսարանն այսօր չի պատրաստում անհրաժեշտ մասնագետներ:

Համաշխարհային բանկի կողմից հատկացված 30 միլիոն դոլարն, ըստ տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանի, «փոշիացվող վարկի» ճակատագրին է արժանանալու:

«Երբ վարկերը փոշիացվում են, իսկ տվյալ դեպքում մենք ակնհայտորեն գործ ունենք վարկերի փոշիացման հետ, մեր սերունդների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ ենք դնում։ Տառապանքը փորձ ունի... մենք հսկայական պարտքեր ունենք տարբեր ոլորտներում, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի համար հսկայական վարկեր ենք վերցրել։ Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ չի նվազել»,- ասաց Գևորգյանը։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մինչդեռ, հակադարձում է՝ մինչև այսօր Համաշխարհային բանկի կողմից տրամադրված բոլոր ծրագրերը գնահատվել են նպատակային: Օրինակ, Համաշխարհային բանկի տնօրենը վերջերս Լոնդոնում Աշոտյանին ասել է, որ բարձր է գնահատել Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքն ու վարկային ծրագրերը:

Եթե չլինեին վարկային այս ծրագրերը, կրթական ոլորտում առաջխաղացում չէր լինի, ասում է Աշոտյանն ու թվարկում, իր խոսքով, կարևոր մի քանի ձեռքբերումներ.- «Մենք չէինք ունենա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, մենք չէինք ունենա Գնահատման և թեսթավորման կենտրոն, մենք չէինք ունենա մասնագիտական որակի ապահովման այն համակարգը, որն այսօր ներդնում ենք։ Մենք չէինք ունենա հազարավոր երեխաների համար հնարավորություն, որ կարող են գնալ նախակրթարաններ, չէինք ունենա Բժշկական համալսարանի սիմուլյացիոն կենտրոնը, ԵՊՀ-ի կենսաբանության գիտահետազոտական կենտրոնը, Գիտությունների ակադեմիայի հեռավար ուսուցման կենտրոնը, Ճարտարապետաշինարարական համալսարանի ջրային պրոբլեմների լաբորատորիան, Պոլիտեխնիկի վիրտուալ կրթության բազան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG