Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի այն ճյուղերը, որոնցում առկա են համագործակցության իրատեսական հեռանկարներ՝ պտղաբուծություն, վերամշակման, ջերմոցաշինության ոլորտներ, սառնարանային տնտեսությունների կազմակերպում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում և ջրամբարների կառուցում, մատչելի գներով գյուղատնտեսական վարկերի տրամադրում:
Մոնտերերն իր հերթին նշել է, որ ներկայումս բանկի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության միջև առկա են համագործակցության իրատեսական հնարավորություններ:
Նրա խոսքով, Հայաստանի կենտրոնական բանկի հետ կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում հնարավոր է ֆինանսավորել նաև գյուղատնտեսության զարգացման ծրագրեր` աջակցելով մասնավոր հատվածին:
Անդրադառնալով ջրի կառավարման խնդիրներին` բանկի փոխնախագահը կարևորել է այդ ոլորտում ժամանակակից ոռոգման խնայողատար տեխնոլոգիաների ներդրման հարցը:
Վիլհելմ Մոլտերերը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային տնտեսական և ֆինանսական այլ կազմակերպությունների հետ` ներգրավելով նրանց առաջիկայում նախատեսվող ծրագրերում: