Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նշում է Ղրիմի բռնակցման առաջին տարին


Ռուսաստանցիները նշում են Ղրիմի բռնակցման առաջին տարեդարձը, Մոսկվա, 16 մարտի, 2015թ.

Արևմուտքի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել։

Ռուսաստանում մեկշաբաթյա տոն է` Դաշնությունը նշում է Ղրիմն իր կազմն ընդունելու առաջին տարեդարձը։ Ուկրաինան և Արևմուտքը Ռուսաստանի և Ղրիմի միավորումն անվանում են «բռնակցում»։

Այսօրվա միջոցառումներից առաջինը Ղրիմի տեղական խորհրդարանի արտահերթ նիստն էր, որի բացմանը հնչել է Դաշնության օրհներգը։ Դիմելով Ղրիմի օրենսդիրներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Օլեգ Բելավենցևը նրանց շնորհավորել է «Ռուսաստան վերադառնալու առիթով»։

Ինչպես Պուտինը, Բելավենցևն ասել է, որ Մոսկվան անցյալ տարի որոշել է հսկողության տակ առնել Ղրիմը, քանի որ անհրաժեշտ էր «պաշտպանել թերակղզու բնակիչներին, ովքեր ծանր կացության մեջ էին հայտնվել 2014-ին ամերիկացիների ջանքերով Կիևում նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելուց հետո»։

Բելավենցևն այսօր Ղրիմի ղեկավարներին պատվոգրեր է հանձնել «Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորմանը նպաստելու համար»։

Անցյալ տարի Արևմուտքն ապօրինի է անվանել Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորումը և դիրքորոշումը չի փոխել։ Եվրամիության խորհուրդը այսօր ևս մեկ անգամ պաշտոնապես դատապարտել է բռնակցումը և հայտարարել, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին ասվում է Եվրամիության արտգործնախարարների հայտարարությունում։

Մինչդեռ, ռուսները պնդում են, որ Ղրիմը գրավելուց բացի Մոսկվան այլ տարբերակ չի ունեցել։

«Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Ղրիմում բնակչության կամարտահայտության դեմոկրատական էությունը, Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորումը դարի ամենակարևոր իրադարձություններից մեկն է»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի` Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

Նման տեսակետ է հայտնել նաև վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահը։ «Ռուսաստանի և Ղրիմի վերամիավորումը թերակղզում ողբերգությունը կանխելու միակ միջոցն էր»,- հայտարարել է Վալենտինա Մատվիենոկն։

Երեկ ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվել է «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Դաշնության կազմում թերակղզին ընդգրկելու առաջին տարեդարձին։ Այդ միանշանակ պրոպագանդիստական ֆիլմում նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է Ղրիմը հսկողության տակ առնելու շարժառիթները։

«Վերջնական նպատակը Ղրիմը գրավելը կամ բռնակցելը չէր, վերջնական նպատակն էր մարդկանց տալ իրենց կյանքը շարունակելու հարցում ազատ արտահայտվելու հնարավորություն»,- ասել է Պուտինը։

Այդ ֆիլմում Ռուսաստանի նախագահն ասել է նաև, թե Ուկրաինայի և Ղրիմի շուրջ լարվածության օրերին նա նույնիսկ չի բացառել հարկ եղած դեպքում մարտական պատրաստության բերել Ռուսաստանի միջուկային զենքը։

Պուտինի փոխանցմամբ, անցյալ տարի այս ժամանակաշրջանում ինքը չգիտեր, թե արդյոք Արևմուտքը կհամարձակվի՞ ռազմական միջամտության դիմել, սակայն հաշվի է առել նույնիսկ ամենահոռետեսական սցենարները։

«Ինձ այդ օրերին արտասահմանից զանգահարում էին մեծ թվով պետական ղեկավարներ, հորդորում էին դադարեցնել մեր գործողությունները Ղրիմում, սակայն ես նրանց պատասխանում էի, որ դա մեր պատմական տարածքն է, և մենք չենք կարող լքել այնտեղ վտանգի առաջ հայտնված մարդկանց»,- ասել է Պուտինը։

Նա այդ ֆիլմում նշել է, որ Ղրիմը գրավելու որոշման մասին ասել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է փետրվարի 23-ին` անմիջապես Յանուկովիչի փախուստի լուրը ստանալուց հետո։ Նիստն ավարտվել է առավոտյան ժամը 7-ին։

«Բաժանվելուց ես ասացի իմ գործընկերներին, որ մենք պետք է սկսենք Ղրիմը վերադարձնելու աշխատանքը»,- ասել է Պուտինը։ Դրանից հետո էլ նա, ըստ այդ ֆիլմի, կարգադրել է անվտանգության ուժեր և դեսանտայիններ ուղարկել Ղրիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG