Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
Փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981 թվականի գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք։
Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5.45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։
Նախաքննությունը շարունակվում է։