Մատչելիության հղումներ

Հայրիկյանը կոչ է անում «պատմության աղբանոցն ուղարկել» 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը


94 տարի առաջ այս օրը Մոսկվայում կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը բաժանվեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև:

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր արտգործնախարարություն ու Երևանում Ռուսաստանի դեսպանատուն հանձնեց ուղերձներ՝ կոչ անելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը «դիվանագիտական ու միջազգային իրավական լծակներով պահանջել Ռուսաստանից ու Թուրքիայից իրենց պայմանագրերում հրաժարվել Հայաստանի վերաբերող բոլոր դրույթներից»:

Ռուսաստանի դեսպատանը հանձնված ուղերձով ԱԻՄ առաջնորդը հորդորում է ռուս քաղաքական գործիչներին «Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագրի օրինակով պատմության աղբանոց ուղարկել 1921թ․ Լենին-Աթաթուրք պայմանագիրը»։

«Քառասուն օր հետո՝ ապրիլի 24-ին, մենք նշելու ենք մեր ժողովրդին պատճառած մեծագույն հարվածի տարելիցը՝ ցեղասպանության հարյուրամյակը: Բայց ցեղասպանությունը՝ որպես մեծագույն հանցագործություն, այնպիսի բացասական հետևանքներ չէր ունենա մեր ճակատագրի համար, ինչպիսին ունեցավ, եթե չլիներ 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը: Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ մենք ունեինք երկու միլիոն բնակչություն, և մեր բնական աճի պայմաններում, եթե այդ երկու միլիոնը հավաքված լիներ մեկ հարկի տակ, նույնիսկ ցեղասպանությունից հետո մենք այսօր կունենայինք 25-30 միլիոն Հայաստան»,- այսօր Երևանում Հանրապետության հրապարակում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայրիկյանը՝ հավելելով, որ 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային հանձնվեցին Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը, Ադրբեջանին՝ Նախիջևանը, և այդ պայմանագրի հետևանքով հետագայում ծագեց ղարաբաղյան խնդիրը:

1921թ․ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն, թուրքական կողմին հանձնվեցին Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը, իսկ Թուրքիան հրաժարվեց Բաթումիի նահանգից:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG