Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ընդունել է Թումանյան 25 հասցեի բնակիչներին:
Հանրային խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հանրային խորհրդի ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները՝ տվյալ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հասցեի գույքը բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին «Ռենշին» ընկերության դիմումի և Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թումանյան 25 շենքի բնակիչներն տարեսկզբին քաղաքապետարանից գրություն ստացան, որ շենքը գտնվում է անմխիթար վիճակում, համահունչ չէ շրջակա ճարտարապետական միջավարին, և առավել նպատակահարմար է Թամանյանի օրոք նախագծված շենքը ամրացնելու փոխարեն քանդել, տեղում հյուրանոց կառուցել։ Քաղաքային իշխանություններն արդեն դիմել են Կառավարություն՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու և «Ռենշին» ընկերությանը տրամադրելու համար։
Բնակիչները Վազգեն Մանուկյանին փոխանցել են, որ շենքը Երևանի հազվագյուտ պահպանված գեղեցիկ կառույցներից է, որը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Բնակիչները Հանրային խորհրդի ղեկավարին խնդրել են աջակցել, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, և իրենք չդառնան «այս գործարքի զոհեր»:
Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովում: Մինչ այդ բնակիչների հետ հանդիպել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը և հարցը քննարկել իրավական տեսանկյունից: